Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի ավարտին այսօր հայտարարեց, թե փետրվարի 18-ի ընտրություններին առաջին փուլով ընտրվելու է նախագահ։

Հովհաննիսյանը քվեարկության հաջորդ օրը համակիրներին հրավիրեց «Ազատության» հրապարակ` նշելու իր հաղթանակը:

«Մնացել է միայն ժողովրդին փողով առնելը, իշխանություններն ուրիշ ռեսուրս չունեն», - հայտարարեց նախագահի թեկնածուն։ - «Ով հիմիկվանից մինչեւ փետրվարի 18-ը ձեռքը բարձրացրեց, փողը տվեց, վախեցրեց Հայաստանի քաղաքացուն, ինքը պատասխան պիտի տա ոչ թե իմ առջեւ, այլ պատասխան է տալու օրենքի, Սահմանադրության եւ Հայաստանի ժողովրդի կամքի, ողնաշարի եւ ապագայի առջեւ»։

Համակիրների հետ նախընտրական վերջին հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին դիմեց Սերժ Սարգսյանին հայտարարելով, թե խորհրդարանի խոսնակից մինչեւ վարչապետ անուն առ անուն պատասխան են տալու ընտրակեղծիքների համար։

«Բողոքներ կան, խախտումները եղել են, մենք բոլորս գիտենք դրա մասին։ Գիտենք, այդ խախտումները լինում են վախից։ Հիմա որ փողը բաժանում են, զանգում են ուսուցիչներին, զինվորներին, այդ ցուցակները․․․ դուք հասկացեք, դա ստորություն է, վախ է։ Եվ Հայաստանում փետրվարի 18-ից այդ վախը, այդ ստրկությունը, այդ ստորությունը գործ չունի։ Այդ վախը արդեն թոթափած է, մեր անվախությունից իրենք են արդեն վախենում», - նաեւ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Մինչ ելույթը սկսելը նախկին արտգործնախարարը երգեց Հայաստանի օրհներգը, ապա ծնկի իջավ ու համբուրեց եռագույնը։

Րաֆիի Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է ընտրական մեծ հեղափոխության առջեւ, բայց արյուն չի թափվելու:

«Ոչ թե հնարավոր է, այլ արդեն հրամայական է», - քարոզարշավի ավարտին իր կարգախոսը վերաձեւակերպեց թեկնածուն։

Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ Սերժ Սարգսյանի գեղեցիկ խոսքերը, գրված ճառերը այդպես էլ թղթի վրա մնացին:

Հակադարձելով նախագահի վերջին ելույթներից մեկում հնչած տեսակետին, թե իր արծակախնդիր մրցակիցների ծրագրերը որեւէ բան մարդկանց կյանքում չեն փոխելու, Հովհաննիսյանն ասաց՝ «Սերժ Սարգսյանին թույլ չեմ տա ազգային պահանջը արկածխնդրություն անվանել»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG