Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհակալ է ընդդիմադիր թեկնածուներին


Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյան

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր «Մոսկվա» կինոթատրոնում իր եզրափակիչ նախընտրական հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց նախագահի ընդդիմադիր թեկնածուներին, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին նրանց անցկացրած քարոզարշավի համար:

Գործող նախագահը նախ գովեստի խոսքեր հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին:

«Դա Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է՝ լի հազարավոր, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումներով: Դրա միջոցով Րաֆֆին փորձում է հասնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերել, բայց, ճիշտն ասած, իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում: Նա ապացուցում է, որ ընդդիմադիր լինել՝ չի նշանակում շուրջբոլորը ատելություն տարածել», - ասաց նա:

Նկատենք, սակայն, որ մի քանի օրը առաջ Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել Հովհաննիսյանին` ասելով, թե նա փորձում է երկիրը «սեւ ու սպիտակի, չարի եւ բարու միջեւ բաժանել»:

Սարգսյանը գովեստի խոսքեր ասաց նաեւ Հրանտ Բագրատյանի հասցեին` հիշեցնելով տարիներ առաջ նրա դրսեւորած հեղափոխական վարքագիծը:

«Հիշում եք չէ՞, Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղըզական եւ թունիսական ճանապարհ էր առաջարկում: Եվ շատ ժամանակ չի անցել այն օրվանից: Այսօր, որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքրությամբ եմ դիտում հեռուստացույցով նրա հարցազրույցները: Եվ ուրախ եմ, որ նրա պես պատգամավորներ կան մեր Ազգային ժողովում, ով ծրագիր է գրում եւ փորձում է այլընտրանքային ճանապարհ ցույց տալ», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը իր եզրափակիչ ելույթում նախագահի այլ թեկնածուների հետ միասին «սահմանադրական հեղափոխություն» անելուց բացի խոսեց նաեւ այլ հեղափոխությունների մասին: Մասնավորապես, հիշատակելով Վրաստանում, Ուկրաինայում եւ արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունները` նա ասաց, թե Հայաստանում եւս եղել է հեղափոխություն, բայց խոսքը 25 տարի առաջ սկսված ղարաբաղյան շարժման մասին է: Սարգսյանն ասաց, թե ցավոք, այդ հեղափոխության տարիներին ի հայտ եկավ մի շատ վտանգավոր մտայնություն` երբեմնի զինակիցների միջեւ կտրուկ կերպով սրվեցին հակասությունները իշխանության հասնելու համար:

«Նրանցից շատերը իրար շատ պարզ մի հարց էին տալիս` «ինչո՞ւ դու պիտի ինձ կառավարես, եթե ես կարող եմ քեզ կառավարել, ինչո՞վ ես դու ինձնից լավը»: Շատ շատերը, ցավոք, չեն դիմանում գայթակղությանը եւ ընկնում են իշխանություն ունենալու մոլուցքի այդ թակարդը: Եվ բնական է, որ այսպիսի պայմաններում նրանք անընդհատ հեղափոխություններ են ակնկալում: Նրանց տրամաբանութամբ, եթե մեկ անգամ ստացվեց, ուրեմն պետք է դա պարբերաբար կրկնել: Այսպիսի տրամաբանությունը միշտ հանգեցնում է հեղափոխական բռնության, փակ շրջանի: Դրանցից ոչ մեկը դեռ լավ բան չի տեսել: Դա ինքնաոչնչացման ճանապարհ է, եւ այդ ճանապարհը անընդունելի է մեզ համար», - ասաց նա:

Սերժ Սարգսյանն ասաց` բնական է, որ «հենց այդպիսի չարիքի դեմ լուծումներ են գտել քաղաքակիրթ երկրներում, եւ այդ լուծման անունը Սահմանադրություն է, եւ մեր Սահմանադրությունը նույնպես ինչպես հստակ արգելում է իշխանությունը բռնի ուժով զավթելը, այնպես էլ իշխանությունից բռնի ուժով կառչելը»:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը եւ ոգին: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել», - ընդգծեց նա:

Ելույթից հետո նախագահի թեկնածուն «Մոսկվա» կինոթատրոնում հավաքվածներին իրեն հարցեր տալու հնարավորություն տվեց: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները` Նունե Եսայանը, Արամոն, Աշոտ Ղազարյանը, Ալլա Լեւոնյանը, Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, Երեւանի քաղաքապետը, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Կենտրոն համայնքի այլ բնակիչներ: Սարգսյանը մոտ մեկ ժամ պատասխանեց իրեն ուղղված տարբեր հարցերի, հնչեցին նաեւ գովեստի խոսքեր:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG