Մատչելիության հղումներ

Թուրք լրագրողները Հայաստանի խորհրդարանում եւ ԱԳՆ-ում


Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների թղթակիցների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Նաղդալյանը ողջունել է թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան եւ մեծապես կարեւորել նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից, վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել:

Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրսու Բեսերմենը նշել է, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա լրագրողական փոխայցելություններն իսկապես մեծ հնարավորություն են հայ - թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու տեսանկյունից:

Թուրք լրագրողներից մեկն իր զարմանքն է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել, իսկ փողոցներում այդքան հանգիստ է, խաղաղ, ոչ մի անկարգություն չի նկատել: Նաղդալյանը ի պատասխան նշել է, որ դա այն մեծ աշխատանքի վկայությունն է, որ Հայաստանում կատարվել է ժողովրդավարության ճանապարհին: «Նախկինում մենք էլ, լինելով եվրոպական տարբեր երկրներում, զարմանում էինք, թե ինչքան խաղաղ է անցնում այդ կարեւորագույն իրադարձությունը: Այսօր այդպես է նաեւ Հայաստանում», - մեկնաբանել է Ազգային ժողովի փոխնախագահը:

Հայ - թուրքական արձանագրությունների կապակցությամբ Նաղդալյանը նկատել է, որ Թուրքիայից քալերի ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլեւ, իր խորին համոզմամբ, հենց թուրք ժողովուրդը: Նա տեղեկացրել է, որ արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում` չնայած բազմաթիվ անգամներ դրանք հանելու առաջարկ է հնչել:

Today’s Zaman-ի թղթակից Մուսթաֆա Էդիբ Յըլմազը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նշել է, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թվականի դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ:

Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանել է թուրք լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի եւս:

Նույն օրը թուրք լրագրողներին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատասխանելով լրագրողների հարցերին` Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG