Մատչելիության հղումներ

Հայ համայնքի հետ հանդիպելու կոչ Քերրիին


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Վաշինգտոն, 14-ը փետրվարի, 2013թ.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, Վաշինգտոն, 14-ը փետրվարի, 2013թ.
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը այս շաբաթ կոչ է արել Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիին մինչ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հանդիպման հրավիրել ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը փետրվարի 14-ին Քերրիին հղած նամակում շնորհավորել է նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ ընդգծել հայրենի Մասաչուսեթսի հայ համայնքի հետ նրա` տասնամյակների պատմություն ունեցող բարեկամությունը։

Խաչիկյանը շեշտել է, որ Հայ դատի հանձնախումբը ակնկալում է աշխատել Քերրիի հետ «բոլոր հարցերի շուրջ, որոնք նա այդպես հմտորեն առաջ էր մղում Սենատում ծառայության ընթացքում, այդ թվում` ԱՄՆ - Հայաստան կապերի ամրապնդումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար անվտանգության ապահովումը, Սիրիայում հայ եւ քրիստոնյա մյուս բնակչությունների պաշտպանությունը եւ, անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչման` Թուրքիայի կողմից լռեցնելուն վերջ տալը»։

Պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության հաստատման հարցով Սենատում կայացած քննարկումների ժամանակ պատասխանելով հայամետ սենատոր Բարբարա Բոքսերի հարցին` Ջոն Քերրին խուսափել էր 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` փոխարենը խոսելով «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկի» մասին։ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը այդ առնչությամբ հիշեցրել էր, որ ավելի քան 30-ամյա օրենսդիր գործունեության ընթացքում Քերրին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական կողմնակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG