Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ներկայացմամբ, այսօր երկրում չեն մոտ 1 միլիոն 260 հազար ընտրողներ կամ ընտրողների ընդհանուր թվի շուրջ կեսը:

«Սա ընտրացուցակում ներառված քաղաքացիների մոտ 50 տոկոսն է։ Սա մեծ թիվ է, եւ սա նշանակում է, որ Հայաստանում լավագույն դեպքում կա, ֆիզիկապես ներկա է 1 միլիոն 250 հազարի չափ ընտրող», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մելիքյանը՝ մանրամասնելով, թե այդ թիվն իրենք ստացել են Հայաստանի ոստիկանության, Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի տրամադրած եւ Հայաստանում բնակչության թվի վերաբերյալ բաց շրջանառության մեջ առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում:

Ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն, փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել 2 միլիոն 505 հազար 882։

Արման Մելիքյանը ընդգծեց, որ իշխանությունները կեղծելու են առաջիկա ընտրությունները` գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին վերագրելով Հանրապետությունից բացակայող մարդկանց ձայները:

Մելիքյանը վկայակոչեց Հայաստանում անցկացված սոցոլիգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն քվեատուփերին կմոտենա ընտրողների մոտ կեսը` 56 տոկոսը, եւ եզրակացրեց․ - «Լավագույն դեպքում, ամենալավ կանխատեսումներով, այդ 56 տոկոսն էլ անց՝ քվեատուփերին հնարավորություն կունենա մոտենալ 800-850 հազար մարդ։ Այսինքն իրականում այդքանը կգնան ընտրելու»։

Նախագահի թեկնածուն կարծիք հայտնեց, որ եթե «խախտված կլինի մասնակցության վերին շեմը», ապա ակնհայտ կլինի, որ ընտրակեղծարարության փաստը առկա է։

«Այս թվաբանությանը, որ ներկայացվում է պաշտոնապես, անհնար է հավատալ», - հավելեց Արման Մելիքյանը, - «Ես իսկապես անչափ ուրախ կլինեմ, եթե այս ընտրությունների ժամանակ մասնակցություն ներկայացվի գոնե 1 միլիոն մարդու շրջանակներում»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, անցած տարի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ավելի քան 1 միլիոն 572 հազար մարդ:
XS
SM
MD
LG