Մատչելիության հղումներ

Հայրիկյանը թեկնածուներից ոչ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձը կազմակերպելու մեջ


Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Միաժամանակ, նախագահի թեկնածուն կարծիք է հայտնում, որ իր դեմ մահափորձից կարծես մրցակիցներն «ուրախացել էին»։ԼՐԱՑՎԱԾ

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձը կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք, որպես էպոսագետ ներկայացվող թեկնածու Վարդան Սեդրակյանը օրերս համոզմունք էր հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո իրեն այս գործով ձերբակալելու են. Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք, ինչպես հայտնի է, Սեդրակյանի ծանոթներն են, եւ կալանավորվածների մերձավորները վերջին օրերին մամուլի հետ զրույցներում հայտարարում են, որ Սեդրակյանը կապ ունեցել է այդ դեպքի հետ:

Քրեական գործում որպես տուժող ընդգրկված Պարույր Հայրիկյանը չի ցանկանում կապ տեսնել։ «Բացարձակապես ոչ մեկի վրա չեմ կասկածում: Այսօրվա թեկնածուներից ոչ մեկի վրա մազաչափ կասկած չունեմ», - ընդգծեց նա։

Վարդան Սեդրակյանը նաեւ չէր բացառել այն տարբերակը, որ կալանավորվածները չեն մահափորձն իրականացնողները, պարզապես օգտվելով նրանց խոցելիությունից` թմրամիջոցներից կախվածությունից եւ ազատազրկված բարեկամներ ունենալու փաստից, նրանց «օգտագործում են» եւ իր անունն էլ ուզում են կապել` վարկածը արժանահավատ դարձնելու համար:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր փորձեց Պարույր Հայրիկյանից ճշտել, թե տեսնելով կասկածյալների նկարները` կասկածներ ունի՞, որ նրանք նույն այն մարդիկ չեն։ «Ես նրանց նկարներին չեմ նայել, ինձ ցույց են տվել մի տաս անգամ, քսան անգամ, ասել են` «նայի», հետեւաբար` ձեր հարցին սպառիչ պատասխան տալ չեմ կարող: Ինձ պետք չի նայել նրանց նկարներին, ես գիտեմ, որ ով էլ որ է, նա տասներորդ աստիճանի կատարող է», - ի պատասխան` հայտարարեց «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդը։

«Բայց դուք տեսել եք կատարողին, դուք տուժող եք եւ պետք է ճանաչեք», - այս դիտարկմանը նախագահի թեկնածուն արձագանքեց. - «Ես քննության հետ դրա մասին կխոսեմ, բայց ոչ ձեզ հետ: Ես ձեզ հետ խոսել պարտավոր չեմ»:

Հայրիկյանը ընդգծեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը, իր հորդորին ընդառաջելով, պարբերաբար հրապարակում է քննությանը չխոչընդոտող մանրամասները։

Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը` այս առնչությամբ թեկնածուն կարծիք է հայտնում, որ իր դեմ մահափորձից կարծես մրցակիցներն «ուրախացել էին», կարծես բոլորը կողմ էին դրան: Մյուս թեկնածուները ոչ միայն չընդհատեցին իրենք քարոզարշավը, եւ խախտվեց հավասարությունը, այլեւ «միասին հարձակման անցան Հայրիկյանի դեմ, սկսվեց արշավ, որն ազդեց մարդկանց տրամադրությունների վրա»:

Իսկ այն կարծիքներին, թե Սահմանադրական դատարանից ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը հետ վերցնելով` Պարույր Հայրիկյանը «արժանապատիվ գործարքի է գնացել», թեկնածուն այսպես արձագանքեց. - «Ես գիտեմ, որ ես ունեմ բազմաթիվ մրցակիցներ: Նրանք պիտի առիթ փնտրեն ինչ- որ բան տարածելու: Այսինքն, Հայրիկյանը` հիվանդանոցում, իսկ իրենք զբաղված էին Հայրիկյանի դեմ պայքարելով, իրենց քարոզչության ընթացքում նույնիսկ ասելով, որ` «տեսեք, Հայրիկյանը իսկի մահափորձ էլ չի եղել, դերասանություն է անում»: Էդ մարդիկ իրենց ստորությունը քողարկելու մի բան պիտի գտնեին, ուզում էին Հայրիկյանին բամբասել»։ Ապա նա մանրամասնեց. - «Դիմում գրելու իրավունքը իմն էր, վերցնելու իրավունքը իմն էր: Եվ ես վարվեցի այնպես, ինչպես ճիշտ գտա: Օրենքում նախատեսված բանը եթե մարդն անում է` դա իր գործն է: Օրենքը նախատեսել է` կարող ես դիմումդ տալ, մեկ օրվա մեջ հետ վերցնել: Ես էլ դիմումս տալիս եմ, հետո ասում եմ` «եթե էս 15 օրը գնաց, Անդրիասը մահանալու է, մեկ, եթե ի վերջո ես իմ շահերից ելնելով գնամ, տեռորիստները հաղթում են, ընտրությունը հետաձգվում է, ես տեռորիստների դաշնակիցը չեմ»: Եվ վերջինը. դուք մտածում եք` եթե 15 օրով քարոզարշավը ավելացվեր, կարո՞ղ է այդ 15 օրում միայն ես պիտի քարոզարշավով զբաղվեի. ոչ, մյուսները էլի պիտի շարունակեին, էլի պիտի ստացվեր, որ մյուսները 15 օր ավել են... Այսինքն, ի՞նչ սխալ է արել Հայրիկյանը, օգտվել է օրենքով ընձեռված հնարավորությունի՞ց։ Ա՛յ ողորմելիներ, ուրիշ բան չգտաք, փրփուրների՞ց եք կախվում։ «Փոփոխամիտ է Հայրիկյանը»… օրենքն է փոփոխամիտ, ես էլ օրենքի ենթական եմ»:

Քարոզարշավի վերջին օրը Պարույր Հայրիկյանը հանդիպել է միջազգային դիտորդների հետ, հետո գնացել Էջմիածին` աղոթելու, ինչպես ինքն ասաց, Աստծուց խնդրել է «մի քիչ խելք տալ հակառակորդներին»:

Թեկնածուն քարոզարշավն ամփոփեց երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում մի քանի տասնյակ համակիրների հետ անձրեւի տակ մոտ կեսժամանոց հանդիպմամբ:

Որպես ընտրողներին կոչ` Հայրիկյանը համակարծիք է իր աջակիցների տարածած ուղերձին, որտեղ նշված է` «գնալ ու քվեարկել Հայրիկյանի եւ միայն Հայրիկյանի օգտին»: «Այսօր որեւէ այլ պահվածք ու դիրքորոշում` չմասնակցել, չքվեարկել, ձայն տալ այլ թեկնածուի, դավաճանություն է ազգային արժեքային համակարգի նկատմամբ եւ աջակցություն մեզ ազգովի ահաբեկել կամեցող տեռորիստներին», - ասված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG