Մատչելիության հղումներ

Գիտությունը եւ կրթությունը նախագահի թեկնածուների ծրագրերում


Նախագահի թեկնածուներից ոչ բոլորն ունեն նախընտրական ծրագրեր:

Ծրագիր ունի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, գործողությունների ծրագիր ունի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, իսկ Պարույր Հայրիկյանն ունի ծրագրահենք, որտեղ կրթության ու գիտության մասին դրույթներ չկան:

Նախագահի մյուս թեկնածուները ծրագրեր չունեն: Թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն ծրագիր ունի, որտեղ գիտությանը եւ կրթությանը անդրադարձել է առանձին ենթաբաժիններով:

«Այն ինչ-որ մենք այսօր ունենք, անընդունելի է: Մենք մի կողմից հռչակում ենք, որ մեր հիմնական ռեսուրսը մարդկային պոտենցիալն է, բայց մյուս կողմից գիտությունը այսօր չարքաշ վիճակում է, աղքատ ազգականի վիճակում: Ամենացածր աշխատավարձը ստանում են գիտնականները, նույնիսկ ավելի ցածր քան ուսուցիչները: Նման պայմաններում խոսել գիտության զարգացման մասին բավական բարդ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Վերաբաշխել պետության այսօրվա պետական բյուջեն թեկնածուն չի պատրաստվում, այլ կարծում է, որ կառավարման այլ պայմաններում, Խուրշուդյանի խոսքով` «նորմալ պայմաններում», պետական բյուջեն լինելու է շատ ավելի մեծ, գրեթե կրկնակի: Խուրշուդյանը ասում է` Րաֆֆի Հովհաննիսյանը գիտության զարգացման համար ֆինանսավորման շեմը համարում է երկրի ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչին կարծում է, որ հնարավոր կլինի հասնել մինչեւ 2020 թվականը:

«Փորձը ցույց է տալիս, որ եթե երկիրը ցանկանում է գիտության վիճակը պահպանել գոնե այնպես, ինչպես կա, ՀՆԱ-ից առնվազն մեկ տոկոսը պետք է հատկացնի: Եթե ընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը, 2014 թվականին երկրի ՀՆԱ-ի մեկ տոկոսին կհասցնենք գիտության ֆինանսավորումը բյուջետային եւ արտաբյուջետային միջոցներով», - ավելացնում է Խուրշուդյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարեւորում է նաեւ կրթության որակի բարձրացումը, հայտնում են, որ դպրոցները պետք է մոտեցնել ընդունված միջին ստանդարտներին` ապահովել նորմալ շենքային պայմաններ եւ այլն:

Թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ծրագիրը երեք բաժին ունի` քաղաքական բարեփոխումներ, արտաքին քաղաքականություն, ու տնտեսական ծրագիր: Կրթությանը եւ գիտությանը վերաբերող դրույթները տեղ են գտել տնտեսական ծրագրում ու հիմնականում վերաբերում են այդ ոլորտների կառավարմանը:

«Գիտությունում կանցնենք ամբողջությամբ թեմատիկ ֆինանսավորման, բուհերում կավելացնենք գիտական ֆինանսավորումը՝ փորձելով ավելի շատ գիտությունը կենտրոնացնել բուհերում: Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կդառնա հանրային մարմին, ֆինանսական միջոցներ բաշխելու հնարավորություն չի ունենա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բագրատյանը:

«Մինչ մյուսները խոսում են գիտության ֆինանսավորման ավելացման մասին, մենք զբաղվում ենք այդ գործով», - ասում է Բագրատյանը՝ հիշեցնելով, որ 2012-ին Ազգային ժողովին առաջարկել է օրինագիծ, ըստ որի` գիտության ֆինանսավորումը պետք է հասցնել երկրի ՀՆԱ-ի մեկ տոկոսին:

Այսօր Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի մոտ 0.24 տոկոսը: Ընտրվելու դեպքում թեկնածուն պատրաստ է ամեն տարի 0.1 տոկոսով ավելացնել գիտության ֆինանսավորումը` 5 տարում հասցնելով մինչեւ 1.5 տոկոսի:

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Հրանտ Բագրատյանի ընտրվելու դեպքում, երկիրը կանցնի կրթության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն կֆինանսավորվի ոչ թե դպրոցը, այլ երեխաները, իսկ դպրոցները կստանան իրենց հասանելիք գումարը ըստ աշակերտների թվի: Բագրատյանը նաեւ ամեն ինչ կանի, որ բուհերում քննությունները հնարավորինս համակարգչայնացվեն:

Թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չունի նախընտրական ծրագիր, ունի գործողությունների պլան, որտեղ կրթության ու գիտության հարցերին վերաբերող կետեր չկան, բայց թեկնածուն ունի մոտեցումներ:

«Համոզված ենք, որ ոլորտում տեղի ունեցող կոռուպցիոն բարձր մակարդակը համակարգային խնդիր է: Շատերը ասում են, որ հայերին հատուկ է կոռուպցիան, այդ պատճառով կոռուպցիան համալսարանում բարձր է, բայց երբ ԵՊՀ-ի կամ այլ համալսարանի ուսանողը ընդունվում է Ամերիկյան համալսարան, այնտեղ կոռուպցիա չկա եւ ինքը չի կարողանում վճարել գնահատական ստանալու համար եւ ստիպված սովորում է: Այսինքն մենք ունենք համակարգային խնդիրներ եւ այդ համակարգը թույլ է տալիս եւ ուսանողին, եւ դասախոսին, եւ ամբողջ ադմինիստրատիվ կազմին կոռուպցիայով զբաղվել», - հայտնում է Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբից ներկայացուցչի հետ այս թեմայով զրուցել չհաջողվեց, բայց ուսումնասիրեցինք թեկնածուի ծրագիրը, որտեղ 16 կետերով անդրադարձ կա այս ոլորտներին:

«Հետեւողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը», - գրված է ծրագրում:

Այս եւ նման այլ ծրագրային դրույթները ընթերցելիս հիմնականում պարզ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ տեղի կունենան, երբ վերընտրվի Սերժ Սարգսյանը: Իսկ որպես հստակ քայլեր կարելի է նշել, որ Սերժ Սարգսյանը խոստանում է յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար տրամադրել համակարգիչ, կառուցել նոր մանկապարտեզներ, դպրոցներում ապահովել որակյալ համացանց, գիտական հիմնարկները դարձնել ավելի ազատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG