Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ոմանք փորձում են հետ շպրտել Հայաստանը»


Գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր ընտրողների հետ հանդիպում ունեցավ մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բազմամարդ հանդիպմանը ներկա էին ուսանողներ, քաղաքապետարանի ու մարզպետարանների աշխատակիցներ: Ներկա էին Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրապետական կուսակցության եւ կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Սերժ Սարգսյանը, ում ներկաները դիմավորեցին վանկարկումներով եւ հուժկու ծափերով, իր ելույթում անդրադառնալով գալիք քվեարկությանը` կոչ արեց ամենայն պատասխանատվությամբ կատարել ընտրությունը, քանի որ «գալիք տարիները ճակատագրական են լինելու Հայաստանի համար» ու հայտարարեց. - «Սա ընտրություն է Հայաստանի զարգացման տարբեր ուղիների միջեւ»:

Անդրադառնալով իր հասցեին մյուս թեկնածուների բարձրաձայնած քննադատությանը` նախագահի թեկնածուն նշեց, թե այդ մարդիկ քվե են ուզում, բայց «ասելիք ու անելիք չունեն», «փորձում են խաբել անիրական խոստումներով». - «Ձեր քվեով բացատրեք, որ ձեզ խաբել հնարավոր չէ»:

«Արկածախնդիրների ծրագրերը չեն ավելացնելու աշխատատեղերը, աշխատավարձերը չեն մեծացնելու», - հայտարարեց նա:

Առանց անուններ տալու` Սերժ Սարգսյանն ասաց, թե ոմանք փորձում են «հետ շպրտել Հայաստանը», «անցյալը հրամցնել որպես ապագա», սակայն ինքը «ձեռքերը ծալած» չի նստելու:

«Կամ ընտրելու եք տասնամյակներ հետ շպրտող ուղին, կամ այն ուղին, որը մեզ առաջ է տանում», - ասաց նախագահի թեկնածուն:

Հանդիպմանը, ի դեպ, մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները, որոնք «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու են եկել, պատասխանեցին. - «Սամվել Ալեքսանյանին աջակցելու համար»:
XS
SM
MD
LG