Մատչելիության հղումներ

logo-print

Բագրատյան. Գործող նախագահի վարկանիշը ուռճացված է


Հրանտ Բագրատյանը (կենտրոն) հանդիպում է ընտրողների հետ

Հրանտ Բագրատյանը (կենտրոն) հանդիպում է ընտրողների հետ

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կարծում է` գործող նախագահը վերընտրվելու խնդիր ունի: Ըստ Բագրատյանի` Սերժ Սարգսյանի վարկանիշը ուռճացված է, իսկ ռեսուրսները չեն բավարարում վերընտրվելու համար:

Այսօր նախագահի թեկնածուն Արալեռ գյուղում էր (Արագածոտնի մարզ), որտեղ նրան սպասում էին հարյուրից ավելի ընտրողներ: Բագրատյանի խոսքով` այս անգամ իշխանությունները փորձում են մաքուր ընտրություններ անցկացնել:

«Սերժ Սարգսյանի ռեսուրսը չի բավարարում վերընտրվելու համար, պատճառները տարբեր են: Հիմնական պատճառն այն է, որ անցած հինգ տարիներին երկիրը գործնականում չի զարգացել, ոչ մի բան տեղի չի ունեցել: Եթե մի պահ մեզ հաջողվեր հանրապետությունում վերացնել վախի մթնոլորտը, ապա ես կարծում եմ, որ իշխանության մրցունակությունը բավականին ցածր է, շատ հնարավոր է, որ ընդհանրապես չկարողանան դիմանալ», - ասաց Բագրատյանը:

Թեկնածուի խոսքով` այժմ Հայաստանում գումարը գտնվում է մի քանի օլիգարխների ձեռքում, իսկ մնացածին ստիպում են իրենց մոտ աշխատել: Բագրատյանը առաջարկում է ամեն գյուղում ձեռնարկություն հիմնել եւ տալ գյուղացիներին:

«Խնձորից կարելի է ստանալ պյուրե: Մի արտադրամաս դնեն, այն տարիներին, երբ բերքը շատ է, կարելի է իրացնել դրանցից ստացված կիսաֆաբրիկատը: Կարտոֆիլից օսլա կարելի է ստանալ, կարելի է սառեցնել կաթը, որը չի վաճառվում, ստանալ կաթի փոշի եւ այլն: Սա կոչվում է կոոպերացիա, ինչո՞ւ չի կարելի սա անել», - ասաց Բագրատյանը:

Թեկնածուն խոսեց նաեւ իր նախընտրական ծրագրից, թվերով եւ օրինակներով ներկայացրեց իր «100 քայլ» վերնագրված ծրագիրը: Նրա գնահատմամբ` արտագաղթը Հայաստանի ամենակարեւոր խնդիրներից մեկն է:

«Այս տարի հունվարին 8500 մարդ է գնացել, անցած տարվա հունվարի 6400-ի փոխարեն: Եթե 8500 բազմապատկում ենք 12-ով, ստացվում է` սպասվում է, որ 110 հազար մարդ էս տարի կգնա: Մարդիկ միայն մտածում են գնալու մասին: Արդեն ազգային անվտանգության խնդիր կա», - ասաց նա:

Բագրատյանի խոսքով` պետական բյուջեն կրճատվում է, իսկ աղքատության մակարդակը ավելանում: Վիճակը, ըստ նրա, կարելի է փոխել ընտրությունների գնալով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով միասնական թեկնածուի հարցին, Բագրատյանը այն արդեն ուշացած որակեց, թեեւ խոստովանեց, որ այդ դեպքում գործող նախագահին հաղթելը հեշտ կլիներ:

«Փետրվարի 18-ին գնացեք, ընտրեք: Ում կուզեք, ընտրեք, բայց ես կարծում եմ, որ չեք փոշմանի, եթե ինձ ընտրեք», - ասաց նա:

Բագրատյանը այսօր հանդիպել է նաեւ Ջրաշեն գյուղի ընտրողների հետ, այցելել է Երեւանի ոսկու շուկաներից մեկը, իսկ երեկոյան ընտրողների հետ հանդիպեց Երեւանի Ազատության հրապարակում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG