Մատչելիության հղումներ

Արման Մելիքյանը քվեարկությանը չի մասնակցելու


Ֆեյբուքյան ասուլիս. Արման Մելիքյան
please wait

No media source currently available

0:00 0:48:54 0:00
Նախագահի թեկնածու, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը փետրվարի 18-ին չի մասնակցելու քվեարկությանը:

Քաղաքացիներին, սակայն, Մելիքյանը կոչ է անում քվեարկել իր օգտին` դրանով իսկ միանալով իր բոյկոտին:

«Ես խորհուրդ եմ տալիս քվե տալ ինձ, որովհետեւ ես կանխավ այդ ընտրությունների արդյունքը մերժում եմ: Եվ առաջարկում եմ, որ ինձ քվե տալով, իրենք նույնպես մերժեն կեղծված ընտրությունները», - «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ուրբաթ օրը ասաց նախագահի թեկնածուն:

Օգտատերերից մեկի հարցին, թե ում օգտին կքվեարկեր, եթե ինքը առաջադրված չլիներ, Մելիքյանն արձագանքեց. - «Այն գործընթացը, որ սկսվեց առաջադրումներով, ցույց տվեց, որ ընտրությունների գծված սցենար կա, եւ ընտրությունները կրկին կեղծվելու են: Այս ընտրությունների համար չկա որեւէ թեկնածու, ում ես կտայի իմ ձայնը»:

Նրա համոզմամբ` Հայաստանին «լեգիտիմ իշխանության» է պետք, մինչդեռ ներկայիս իշխանությունն այդպիսին չէ:

Օգտատերերից ոմանք հետաքրքրվում էին, թե ինչու Մելիքյանը քարոզարշավի ընթացքում ակտիվ չէր: Թեկնածուն արձագանքեց. - «Ես պահանջ էի ներկայացրել առաջին հերթին լուծել ընտրությունների օրինականության խնդիրը: Որովհետեւ առանց այդ խնդիրը լուծելու, անիմաստ է քարոզչություն վարել: Այդ քարոզչությունը կնշանակի, որ մենք քաղաքացիներին խաբում ենք: Իսկ մնացյալ թեկնածուները, ըստ էության, այդ ճանապարհը ընտրեցին: Ընտրվելու իրական հնարավորություններ նրանցից որեւէ մեկը չունի` այդ թվում ես ես, որովհետեւ այս ընտրությունները ընտրություն չեն, այլ իշխանության վերահաստատման համար պատրաստված միջոցառում»:

Օգտատերերից մեկը, նկատի ունենալով թեկնածուի վերը բերված հայտարարությունները, հարցրել էր, թե այդ դեպքում ինչու առաջադրվեց: Արման Մելիքյանի արձագանքը. - «Մտքովս անցավ Հայաստանում ներքին իրավիճակը փոխելու անհրաժեշտությունը: Իսկ սա դրա համար լավ հնարավորություն էր»:

Գնահատելով նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը եւ դրան հետեւած զարգացումները` Մելիքյանն ասաց. - «Կարծում եմ, որ այս մահափորձը շատ «հաջող» օգտագործվեց լրատվական դաշտում քաղաքացիների ուշադրությունը ընտրական գործընթացի բուն պրոբլեմներից շեղելու համար: Քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից բավական հաջող կիրառված հնարք է: Հաջող` կիրառողների համար, եւ շատ անհաջող` քաղաքացիների համար»:
XS
SM
MD
LG