Մատչելիության հղումներ

Սոցցանցերի դերը նախընտրական քարոզչության ընթացքում


Italy -- A man reads Barack Obama's tweet in Rome after his re-election as US president, 07Nov2012
Italy -- A man reads Barack Obama's tweet in Rome after his re-election as US president, 07Nov2012

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայ օգտատերերի ակտվության վիճակագրությանը հետեւելիս նկատվում է, որ նախագահական ընտրությունների շեմին սոցցանցն ավելի է ակտիվացել է:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը կարծում է` պատճառն հայկական «Ֆեսյբուքի» շատ քաղաքականացված լինելն է:

««Օդնոկլասնիկիում» ավելի շատ մարդ կա, բայց քաղաքականացված չեն, իսկ «Ֆեյսբուքը» շատ ակտիվ է», - ասում է նա:

«Ֆեյսբուքում» ներկայացված են նախագահի բոլոր թեկնածուները, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից:

«Նախագահը որոշել է ժամանակակից հարթակները չօգտագործել, նրա կայքում կա «Թվիթերի» կոճակ, որը չի օգտագործվում: Գրեթե բոլոր թեկնածուները քարոզչության ստարտից առաջ բացեցին հատուկ կայքեր, իսկ մի մասն էլ բացեց էջեր «Ֆեյսբուքում» հատուկ քարոզչության համար», - նկատում է «Ռեգիոն» վերլուծական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:

«Ֆեյսբուքում» նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի էջն ունի ավելի քան 3000, Վարդան Սեդրակյանի էջը` ավելի քան 5000 հետեւող, Րաֆֆի Հովհաննիսյանի էջին հետեւում է ավելի քան 14 հազար մարդ: Պարույր Հայրիկյանն ունի անձնական էջ ու մոտ 3600 ընկեր, Արման Մելիքյանն ունի 660 ընկեր, Անդրիաս Ղուկասյանն ունի 2600 ընկեր:

««Ֆեյսբուքը» դարձել է մի հարթակ, որը գրավում է Հայաստանի ողջ հանրությանը` քաղաքական էլիտայից սկսած վերջացրած սովորական օգտատերերով: Եթե, օրինակ, նախկին ընտրությունների ժամանակ մենք ունեինք ԶԼՄ-ներ, որոնք հասցնում էին թեկնածուների խոսքը ընտրազանգվածին, եւ չկար հետադարձ կապի հնարավորություն, այսօր «Ֆեյսբուքը» տալիս է հիանալի հնարավորություն, որպեսզի ձեւավորվի ընտրական ամբողջական դիսկուրս եւ որպեսզի այդ դիսկուրսը ազդի այս կամ այն մարդու վերջնական որոշման վրա», - ասում է Լաուրա Բաղդասարյանը:

Սոցիալական մեդիայի մասնագետ Գեղամ Վարդանյանը զարմանում է՝ ինչո՞ւ Հայաստանում չեն օգտվում ոչ պակաս օգտակար մյուս սոցիալական ցանցերից՝ «Թվիթերից», «Ինստագրամից» եւ այլն: Վարդանյանը նկատում է, որ Հայաստանում նաեւ «Ֆեյսբուքն» է յուրահատուկ կերպով գործածվում: Այդ սոցիալական ցանցի հայրենիքում՝ Միացյալ Նահանգներում, եթե քաղաքական գործիչները օգտվում են ցանցից, ապա այն օգտագործում են բոլորովին այլ կերպ:

«Եթե թեկնածուի «Ֆեյսբուքի» էջում լինելու է այն ինֆորմացիան, որը որ կա նրա պաշտոնական էջում, ապա «Ֆեյսբուքի» էջը անիմաստ է: Սոցիալական մեդիան նրա համար է, որ մենք թեկնածուին տեսնենք սեփական մատներով մի բան գրելիս, սեփական մտքերը ոչ պաշտոնական արտահայտելիս: «Ինստագրամը» նրա համար է, որ տեսնենք նրա լուսանկարները հանգստի պահին: «Ֆեյսբուքը» նրա համար է, որ քննարկումներ լինեն, ոչ թե քոմենթները ջնջվեն կամ փակվեն ինչ-որ մարդկանց մուտքերը», - ասում է Վարդանյանը:

Եթե շփումը միակողմանի է, ու թեկնածուն սոցցացի էջն օգտագործում է միայն լրատվամիջոցներին տված իր հարցազրույցները տարածելու կամ պաշտոնական ինֆորմացիա հաղորդելու համար, ապա մասնագետը կարծում է, որ այդ շփումը արդյունավետ չի կարող լինել:

«Այսօր Հայաստանում մամուլը համեմատաբար ավելի ազատ է», - ասում է «Ֆեյսբուքի» ակտիվ օգտատեր, «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ մանրամասնելով, որ մամուլն ավելի ազատ սոցիալական մեդիաների շնորհիվ, քանի որ «լրատվամիջոցները այլեւս իմաստ չեն տեսնում որեւէ բան թաքցնելու, երբ մարդիկ ամեն ինչից տեղեկացված են»:

Գեղամ Վարդանյանի կարծիքով` պետք չէ գերագնահատել սոցցանցի դերը այսօրվա Հայաստանում:

«Հայաստանի «Ֆեյբուքում» գրանցված է ավելի քան 390 հազար մարդ, նրանցից ոչ բոլորն են նստած զբաղվում քաղաքական հարցերով կամ բնապահպանական ակտիվիզմով, բնավ ո՛չ: Մարդիկ նորմալ ապրում են, ծանոթանում են հակառակ սեռի հետ, ծանոթություններ են հաստատում, նկարներ են կիսում ու խորապես թքած ունեն ընտրությունների, քաղաքականության եւ ընդհանրապես ակտիվիզմի վրա: Գերագնահատել ցանցը, խնդրում եմ, պետք չէ», - ամփոփում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG