Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն կոչ է անում գնալ ընտրության, ձայն չտալ Սերժ Սարգսյանին


Դաշնակցության համակիրը Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում, արխիվ

Դաշնակցության համակիրը Երեւանում տեղի ունեցած հանրահավաքում, արխիվ

ՀՅ Դաշնակցությունը (ՀՅԴ) կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին:

Քիչ առաջ տարածված ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. - «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ ձեր ձայնն օգտագործվի իշխանության վերարտադրման համար: Ի վերջո, ժողովրդավարական Հայաստանը ժողովրդավարական ընտրություններով է կայանալու: Իբրեւ ընդդիմադիր քաղաքական ուժ` մենք կոչ ենք անում գնալ ընտրության, ձայն չտալ իշխանության թեկնածուին, քվեարկել ձեր խղճով ու ցանկությամբ կամ քվեաթերթիկը անվավեր դարձնել»:

Հայտարարության մեջ Դաշնակցությունը անդրադառնում է նաեւ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու իր որոշմանը:

«Միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու, ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու մեր ջանքը արդյունք չունեցավ։ Այդ պայմաններում անիմաստ էր մասնակցել մի միջոցառման, որի ելքը կանխորոշված է», - ասված է հայտարարության մեջ:

«Երբ նշում եք, թե ելքը կանխորոշված է, կարծում եք, թե գալիք ընտրությունները կկեղծվե՞ն», - այսօր հարցրեցինք ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին:

«Վերջին 15-20 տարիների ընթացքում ընտրությունների մեխանիզմը այնպես է կատարելագործվել, որ ակնհայտորեն ընտրությունների արդյունքների վրա հսկայական դեր է ունենում իշխանական, պետական, վարչական ռեսուրսը եւ ֆինանսական միջոցները: Խորհրդարանական ընտրությունները դրա փայլուն կատարելագործված ապացույցն են: Մենք տեսել ենք, որ բուն ընտրությունների օրը տեղամասերում կարծես թե մեծ ծավալի ընտրակեղծիքներ չեն լինում: Մենք որ ասում ենք կանխորոշված են, մենք նկատի ունենք, որ այս ընտրությունները մրցակցային չեն, այս ընտրություններով որեւէ բան հնարավոր չէ փոխել այս երկրում եւ արդյունքներն էլ ակնհայտորեն կանխորոշված են: Դա մենք ասել ենք դեռեւս դեկտեմբերին մեր խորհրդակցություններից հետո»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ո՞վ է արգելել հիմնական քաղաքական ուժերին մասնակցել ընտրություններին, Վարդանյանը ասաց. - «Ցանկացած երկրում իշխանությունը իր հնարավորությունները, ռեսուրսը օգտագործում է: Հայաստանի պարագայում, ցավոք, այդ ռեսուրսի օգտագործումը դարձել է անսահմանափակ, համատարած, վերեւից ներքեւ: Մասնակցելով մենք որեւէ բան չէինք փոխելու, մեր մասնակցությամբ այս ժողովուրդը, այս պետությունը որեւէ բան չէր շահելու: Ընդհակառակը` ինչ-որ առումով մենք մասնակցելով լեգիտիմացնելու էինք այս ընտրությունները»:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը նախագահական ընտրություններից հետո, հնարավոր է հաջորդ համապետական ընտրություններին կրկին չմասնակցի, Վարդանյանը պատասխանեց. - «Այս ընտրությունը մեր պետության դեպքում սահմանագիծ էին, եւ այս ընտրություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտը արմատական վերափոխումների, տրանսֆորմացիաների է ենթարկվելու: Մեր խնդիրն է լինելու այդ նոր ձեւավորվելիք դաշտում իբրեւ առանցքային ընդդիմադիր ուժ աշխատել մեր հասարակության, տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ձեւավորել այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանա ժողովրդի մեջ վստահություն վերադարձնել ընտրությունների, երկրի ապագայի հանդեպ»:

«Մենք ունենք փորձ, երբ եղել են նախագահի թեկնածուներ, որոնք կուսակցություններ են ներկայացրել, գործիչներ են եղել, մեծ ձայներ են հավաքել, բայց 1-1.5 տարի հետո փոշիացրել եւ զրոյացրել: Նույնը մեծ հաշվով 95 տոկոսով կատարվելու է այսօրվա թեկնածուների եւ նրանց ուժերի հետ», - ասաց Վարդանյանը:

Դաշնակցական պատգամավորը ընդգծեց. - «Քաղաքական վերափոխումների մասին են խոսում բոլոր կուսակցությունները. ի՞նչ է լինելու «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, ո՞ր ուղղությամբ է գնալու, սրանք հարցականներ են: Ի՞նչ է լինելու ՀԱԿ-ի հետ, այստեղ եւս բազմաթիվ տարբերակներ կան… նոր կուսակցություն, Նիկոլ Փաշինյանը` առանձին, մյուս կուսակցությունները առանձին, այստեղ եւս բացեր կան: Կա արդեն հայտարարությունների կամ գործնական քայլերի մակարդակով, որ փորձ է արվելու որոշ կուսակցություններ, որոշ գործիչներ միավորել մեկ ուժի շուրջ` պայմանական եվրոպական արժեքների շուրջ. խոսքը «Հանրապետություն» կուսակցության, Դավիթ Շահնազարյանի, Հրանտ Բագրատյանի մասին է, չի բացառվում նաեւ [սրանք ենթադրություններ են] «Ազատ դեմոկրատները» եւ այլն: Ակնհայտ է, որ իշխանությունը եւս միատարր, միաբեւեռ չէ, մենք վստահ ենք, որ փոփոխություններ են լինելու եւ նաեւ իշխանության մեջ չի բացառվում նոր մտածողության, նոր ուժերի ի հայտ գալը: Դրա նախադրյալները այսօր եւս ակնհայտ են: Ակնհայտ է նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվացումը եւ այստեղ եւս բացառված չէ, որ որոշ վերափոխումներ կլինեն, որոշ նախաձեռնություններ կփորձեն քաղաքական դաշտ տեղափոխվել: Այնպես որ մեր առջեւ լրիվ նոր դաշտ է ձեւավորվելու, եւ Դաշնակցությունը փորձելու է այդ դաշտում ունենալ իր վճռական, առանցքային, ընդդիմադիր դերակատարությունը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG