Մատչելիության հղումներ

Ընտրությունները դիտարկել ցանկացողների թիվը կտրուկ նվազել է


Փետրվարի 18-ին նշանակված Հայաստանի նախագահի ընտրությունները կդիտարկեն 5 անգամ ավելի քիչ դիտորդներ, քան նախորդ համապետական ընտրություններին։

2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, հետեւում էին ավելի քան 31 հազար տեղական դիտորդներ, մինչդեռ նախագահական ընտրություններին ընդառաջ դիտորդի վկայական է ստացել ընդամենը 6250 մարդ:

«Այդ կազմակերպությունները, որոնք հիմնականում հասարակական կազմակերպություններ են, ուղղակի չեն ցանկանում կամ ներգրավվել մի գործընթացի մեջ, որը նրանք էլ են արդեն ընկալում ընկալում որպես կեղծված գործընթաց, կամ ուղղակի չեն ուզում լինել մի գործընթացում, որը վերահսկվում է իշխանությունների կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը։

Դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ղեկավարած կազմակերպությունը:

«Այն ամենը, ինչ պետք է կեղծվի կամ արվի, մի մասը արդեն իրականացվել է», - նեզ հետ զրույցում մեկնաբանեց Ալավերդյանը՝ վկայակոչելով համատարած անվստահույթունը ընտրական գործընթացների նկատմամբ եւ ընտրախախտումների «կատարելագործված տեխնոլոգիաները»։

Ընտրություններին հետեւելու է, բայց որպես դիտորդ չի գրանցվել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։

«Սկզբունքային հարց է․ համարում ենք, որ մենք չպիտի ոչ մեկին ապացուցենք, որ մենք իրավապաշտպան ենք եւ անկախ ենք։ Այ, թող ապացուցեն նրանք, ով հազար, երկու հազար մարդ են ներկայացնում», - պարզաբանեց իրավապաշտպանը։

Միքայել Դանիելյանը նկատեց դիտորդների խմբաքանակի մի ստվար զանգվածի կրճատման իրական պատճառը․ - «Պառլամենտական ընտրություններ էին, այնտեղ մասնակցում էին կուսակցություններ եւ առաջին հերթին դա «Բարգավաճ Հայաստանն» էր, որը շատ արագ գրանցում էր կազմակերպություններ, եւ դրանք իբր թե դիտորդական առաքելություն էին անցկացնում։ Բայց իրականում դա վստահված անձինք էին, որոնք աշխատում էին «Բարգավաճ Հայաստան»-ի համար»։

Խորհրդարանի ընտրությունների ժամանակ 1200 դիտորդների բանակ էր կազմել «Բռունցք» հասարակական կազմակերպությունը: «Բռունցքի» բոլոր անդամները Հյուսիսային համալսարանի ուսանողներ էին: Այս ուսանողները նախագահի ընտրութուններին, ըստ համալսարանի ռեկտորի, այլեւս չեն մասնակցի որպես դիտորդ:

«Ծայրահեղ զսպվածություն ենք դրսեւորել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, - «Ուղղակի ավելի շատ իշխանությունները հիմա հակված են այն բանին, որ իրենց մասով ավելի զսպված գործելակերպ իրականացվի եւ չափից ավելի շատ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG