Մատչելիության հղումներ

Բագրատյանը կասկածում է` Հայրիկյանը ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ


Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյան, արխիվ

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյան, արխիվ

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը Վանաձորում իր քարոզարշավը իրականացրեց ոչ թե ընտրողների հետ հանդիպման միջոցով, այլ տեղական «Լոռի» հեռուստաընկերությանը հարցազրույց տալով:

Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցերին` Բագրատյանն անդրադարձավ նախագահի մյուս թեկնածու Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, թե միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ինչ թվային առավելությամբ կկարողանային հաղթել:

«Այդ ամենը այլեւս հույս չի ներշնչում ինձ: Որպեսզի ես իմ թեկնածությունը հանեմ որեւիցե մեկի օգտին, ես պետք է համոզված լինեմ, որ 100 տոկոսանոց ընդդիմադիր գործչի հետ գործ ունեմ: Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` «այո, ոչ, կհանեմ, կդիմեմ, չեմ դիմի» եւ այլն, կասկածանքի տեղիք են տալիս իմ մեջ, որ նա իրապես ընդդիմություն է, թե` ոչ: Նա մինչեւ հիմա որեւէ քննադատական խոսք իշխանություններին չի ասել», - հայտարարեց թեկնածուն:

Բագրատյանը ասաց, որ լուրջ չի վերաբերվում Հայրիկյանի հայտարարություններին:

«Արդեն շատ եղավ, մենք նրա մասին շատ ենք խոսում: Միանշանակ է, որ երբ նման դեպք է կատարվում, գոնե սկզբից շահում է այն մարդը, որի հետ դա կատարվել է: Եվ եթե այսօր ինքը զգացել է վարկանիշի անկում, թող իրեն ճիշտ պահեր», - ասաց Բագրատյանը:

Նախագահի թեկնածուն խոսեց նաեւ իր ծրագրերի մասին` նշելով, որ իր ընտրվելու դեպքում Վանաձորը կունենա ինքնաբավ բյուջե:

«Վանաձորցիներ Երեւանում շատ կան, Վանաձորը քաղաքը չի սկսի Երեւանից մուրալ իր բյուջեն: Նաեւ այն վանաձորցիները, որոնք գրանցված են Երեւանում, իսկ նրանք բավականին լուրջ դիրքեր են գրավում Երեւանում, նրանց եկամտահարկի 50 տոկոսը կգա Վանաձոր», - հայտարարեց թեկնածուն:

Բագրատյանն ասաց` չի պնդում, որ աշխատավարձերը բարձրացնելու է, ավելին` նա չի հավատում նման խոստում տվողներին:

«Պետությունը չի ժողովուրդ պահում, աշխարհում ամենուրեք ժողովուրդներն են պետություն պահում: Ես մարդկանց ասում եմ` այ, սենց կանեմ, եւ դու կկարողանաս փող աշխատել, եւ պետությանն էլ կպահես, սիրելիս: Սա սոցիալական լիբերալիզմի մոդելն է: Ես մոդել եմ բերել, ոչ թե ցանկությունների շարան», - ասաց նա:

Խոսելով ընտրախախտումների մասին` Բագրատյանը ասաց, որ իր նախընտրական շտաբը ահազանգեր ստանում է: Իսկ թե ինչ են ձեռնարկում ահազանգեր ստանալուց հետո, թեկնածուն ասաց. - «Ես իմ սեփական ոստիկանությունը չունեմ, իրավապահ մարմիններին կոչն արդեն արել ենք հունվարի 28-ին: Հասարակ բան ասեմ, մեր շտաբերի վրա հարձակվել են, արդեն 3-րդ, 4-րդ օրն է, իրավապահ մարմինները մեզ չեն ասում` ով է, ինչո՞ւ են այդ բանը անում»:

Բագրատյանը նաեւ ընդգծեց, որ ինքը հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ «լուրջ ձայներ է փախցնում» նրանցից:
XS
SM
MD
LG