Մատչելիության հղումներ

Մակեյանի գնահատմամբ, ՀԱԿ-ը «կազմաքանդվել է»


Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան

Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյան

Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամի կարծիքով, Կոնգրեսի ղեկավարները ՀՀՇ-ն լուծարում են, սարքում են ՀԱԿ։

«Հայ ազգային կոնգրես անվամբ կուսակցության ձեւավորման մասին հայտարարությամբ ազդարարվեց ՀԱԿ դաշինքի ֆիասկոն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց դաշինքին անդամակցող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 28 հոգի դիմել են Արդարադատության նախարարություն` «Հայ ազգային կոնգրես» անվամբ կուսակցություն ստեղծելու նպատակով։ Մարտի 22-ին կայանալու է այդ ուժի հիմնադիր համագումարը։

Պետրոս Մակեյանը համամիտ չէ, թե ստեղծվում է «հզոր, կուռ կուսակցություն» եւ համոզված է, որ «կազմաքանդված» դաշինքը ճգնաժամից դուրս բերելու, վերակենդանացնելու հնարավորություն չունենալով` դաշինքի ղեկավարությունը ընտրեց «չարյաց փոքրագույնը». - «Այն, որ Զուրաբյանը Լեւոնը հայտարարում է՝ այս ձեւավորվող կուսակցությունը հսկայածավալ անկուսակցական բանակինն է, այդ բանակից մնացել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի նոմենկլատուրան, որոնց համար էլ այս կուսակցությունը սարքվում է, որովհետեւ սրանք կոմպլեքսներ ունեն ՀՀՇ մտնելու համար, եւ ՀՀՇ-ն լուծարում են, սարքում են այս անվամբ, որպեսզի այս մի քանի տասնյակ նոմենկլատուրան դիսկոմֆորտ չզգա այդ համակարգում», -կարծիք հայտնեց ՀԱԿ անդամը, - «ՀՀՇ-ն, ցավոք սրտի, ուներ բացասական իմիջ։ Կոնգրեսի գոյության պարագայում այդ իմիջը որոշակի վերականգնվեց։ Բայց պահպանվում էր այն հոգեբանական կոմպլեքսը, եւ դրա համար երեւի Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց այս ճանապարհով»։

Պետրոս Մակեյանը նաեւ Կոնգրեսի ղեկավարության մեղավորության բաժինն է տեսնում «տխուր, ոչ մրցակցային» նախագահական ընտրությունների անցկացման մեջ, որ դաշինքը չդարձավ ընդդիմադիր ուժային կենտրոն, քանի որ Լեւոն Տեր Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից ի վեր, նրա կարծիքով դաշինքը սկսել էր կազմաքանդվել: Իսկ «կազմաքանդման» վերջը Մակեյանը համարեց `օրերես մեր ռադիոկայանի հարցազրույցում Կոնգրեսի Համակարգող Լեւոն Զուրաբյանի արտահայտած կարծիքը, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանից հաջողված նախագահ է եղել.
«Բա Զուրաբյան Լեւոնը երբ դրական մեսիջներով է խոսում Քոչարյանի մասին, էդ նշանակում է՝ նրանք անուղղակի կամ ուղղակի մեսիջներ են ուղարկում Քոչարյանին։ Երբ Մարտի 1-ի հեղինակներն ու կազմակերպիչները, իրականացնողները հայտնվում են քաղաքական նույն ճամբարում, նույն ճակատում, սա արդեն վերջն է։ 150-ից ավելի քաղբանտարկյալներ ենք ունեցել, հազարավոր հալածյալներ, 100 հազարից ավելի համակիրներ ենք ունեցել հրապարակներում, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք… Ավազակապետական բուրգի կազմաքանդման փոխարեն կազմաքանդվեց Հայ ազգային կոնգրեսը: Եվ վերջինը, որ ՀԱԿ-ից փորձում են պահել, դա անունն է, որ հայտարարեցին՝ նախաձեռնող խմբով ուզում են կուսակցություն ստեղծել: «Չարյաց փոքրագույն» տարբերակը, անունը պահեն եւ եթե ֆորս մաժորային իրավիճակ լինի, անվան լոգոյով օգտվեն, մտնեն քաղաքական գործընթացների մեջ: Կստացվի` կստացվի», - հայտարարեց Մակեյանը։

Հիշեցնենք, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը վերջին ասուլիսում հայտարարել էր, որ նոր կուսակցության ստեղծումով դաշինքը չի լուծարվելու, իսկ նորաստեղծ կուսակցությունն անդամակցելու է դրան:

Պետրոս Մակեյանը չհստակեցրեց` իր ղեկավարած կուսակցությունն արդյո՞ք պաշտոնապես դուրս է գալու Կոնգրեսից: Հայտարարեց, որ այդ հարցերի պատասխանները կտրվեն «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջիկա համագումարում:

Կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնելով Պետրոս Մակեյանի հնչեցրած մեղադրանքներին` հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի ձուլվելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, բայց մնալու է դաշինքի կազմում:

«Ի սկզբանե մենք ողջունել ենք նոր կուսակցության ձեւավորումը, որովհետեւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծումը պայմանավորված է ժամանակի թելադրանքով եւ անհրաժեշտությամբ», - ասաց Սարգսյանը: - «Չեմ կարծում, որ նոր կուսակցության ստեղծմամբ «Հայ ազգային կոնգրես» շարժումը վերանում է: Կուսակցության ձեւավորումից հետո մենք կքննարկենք եւ կփորձենք ձեւավորել նոր ձեւաչափ, որը համագործակցության մեջ կլինի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ: Եվ եթե Պետրոս Մակեյանը պատրաստ է լծվել աշխատանքի, ապա կարծում եմ, որ հիմա ուղղակի պետք է համակերպվել նորաստեղծ կուսակցության փաստի հետ եւ մտածել, թե ինչպես ենք շարունակում մեր աշխատանքը»:

Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց ո'չ Հայոց համազգային շարժում կուսակցության վերաբերյալ Պետրոս Մակեյանի գնահատականներին, ո'չ էլ երկրորդ նախագահին «մեսիջներ» ուղղելու մասին հայտարարություններին:

«Լսել եմ այդ հարցազրույցը, եւ այն կարծիքին չեմ, որ Լեւոն Զուրաբյանը գովերգել է Ռոբերտ Քոչարյանին: Նա հիշատակել է «Հոկտեմբերի 27-ը», «Մարտի 1»-ը», բոլոր այն հանցագործությունները, որ կատարվել են այդ տարիներին եւ որից առ այսօր Ռոբերտ Քոչարյանը մաքրված չէ: Այստեղ մեսիջ չկա, չկա արդարացում Ռոբերտ Քոչարյանին, չկա նպատակ մեսիջներ ուղարկելու: Դա ընդամենը կոնտեքստից հանված մի փոքրիկ նյութ է, որը շահագրգիռ կողմերը փորձում են շահարկել: Հարցազրույցի բովանդակությունը խեղաթյուրելը, կարծում եմ, ազնիվ չէ», - ընդգծեց ՍԴՀԿ ղեկավարը:
XS
SM
MD
LG