Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրությունները` մայիսի 5-ին


Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Երեւանի ավագանու ընտրությունները նշանակել մայիսի 5-ին եւ այդ ընտրություններն անցկացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 65 միլիոն դրամ:

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ: Նախորդ ընտրությունները 2009թ. մայիսի 31-ին էին։ Այդ ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանիում ձեւավորվեց երեք խմբակցություն` Հանրապետական կուսակցությանը, որին են այսօր պատկանում 65 տեղանոց ավագանու աթոռներից 35-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը՝ 17 տեղով, Հայ ազգային կոնգրեսինը, որին բաժին է հասել ավագանում 13 մանդատ։

Երեւանի քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից, եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացնում է ավագանիում մեծամասնություն կազմող ուժը՝ ՀՀԿ-ն:

«Հանրապետականը մասնակցելու է ավագանու ընտրություններին», - Կառավարության այսօրվա որոշումից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց Հանրապետականի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավելելով, որ ՀՀԿ-ն առայժմ Երեւանի քաղաքապետի թեկնածության հարց չի քննարկել, սակայն ինքը անձամբ տեսնում է Տարոն Մարգարյանի թեկնածությունը։

Սահակյանը նաեւ հավելեց, թե ՀՀԿ-ում ակնկալում են, որ ավագանու այս ընտրությունների արդյունքում եւս իրենք մեծամասնություն կունենան Երեւանում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցի առնչությամբ կուսակցությունում դեռ քննարկումներ չեն եղել:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների հարցը իրենք դեռ չեն քննարկել:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես նշեց, թե հարցն իրենց մոտ դեռ չի քննարկվել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Անպայման կմասնակցենք, որովհետեւ «Ժառանգությունը» այլեւս քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկին չի ընդառաջելու իր թեկնածությունը հանելով։ Առավել եւս, որ հասարակությունը տեսավ եւ ակնհայտ դարձավ իր համար, որ «Ժառանգությունը» ինչպես եղել է պայքարող քաղաքական ուժ, այդպես էլ մնացել է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG