Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 14-ի մամուլ


«Հրապարակ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Նրանք, ովքեր քարկոծում են մեր ժողովրդին, թերագնահատում նրան, համարում խավար ու անգիտակից, չարաչար սխալվում են: Վերջին օրերին հետեւելով քարոզարշավի ընթացքին եւ տեսնելով, թե ինչպես են մարդիկ արձագանքում նախագահական մրցապայքարին, կարելի է արձանագրել.1. Մեր ժողովուրդը չի խաբվում: Նա, ճիշտ է, հաճախ գնում է ուժի, փողի, ապահովության կողմը, սակայն բաց աչքով եւ իր գիտակցված ընտրությամբ` հասկանալով, որ ընտրում է չարյաց փոքրագույնը: Նա նաեւ ներողամիտ է եւ միշտ ուզում է շանս տալ իր մոլորյալ զավակներին: 2. Մեր ժողովուրդն աշխարհի ամենալավատես ժողովուրդներից է` այսքան հիասթափություններից հետո, եթե նա ունակ է ոգեւորվելու եւ հուսադրվելու, ուրեմն նրա մեջ մեծ կենսական ուժ կա եւ այդ ուժը վաղ թե ուշ հաղթելու է»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանում ծավալված ներքաղաքական գործընթացները` նախագահի ընտրություններից առաջ քարոզարշավի թագուպսակով, զանազան այլանդակություններից զատ, ցույց տվեցին մի բան` այդ գործընթացներից հասարակության բացակայություն: Բացառությամբ գործող նախագահի, «Ժառանգության» ղեկավարի եւ մասամբ Հ.Բագրատյանի, որոնք հանդիպումներ ունեցան եւ ունենում են ժողովրդի հետ, մնացած թեկնածուների «քարոզարշավը» հասարակությունից նույնքան հեռու մնաց, որքան հասարակությունը բարեկեցիկ կյանքից: Այսինքն՝ մի տեղից մյուսը չի երեւում: Այս մարդկանց համար նախագահի թեկնածու գրանցվելը դարձավ սեփական անձը ճանաչելի դարձնելու, մամուլի ակումբներ ու հեռուստաեթեր դուրս գալու, խոսելու ու միայն խոսելու միջոց: Որովհետեւ հասարակությանը անհայտ այս անձինք ուրիշ ի՞նչ կարող էին անել»:

«168 ժամ» թերթի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ իրանցիներին հանձնելու մասին խոսակցություններին` «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն ասում է. - «Չեմ պատկերացնում, որ մեր պետությունը գնացել է այդպիսի քայլի: Բնապահպանական առումով մերձալպյան, ալպյան գոտիներում այն պարունակում է բավական վտանգ: Ի տարբերություն խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարն այլ վտանգ է ներկայացնում, եւ այս դեպքում գերարածեցումը հանգեցնում է էկոհամակարգի դեգրադացման: Միեւնույն ժամանակ, մենք մեր լավագույն հանդակները տալիս ենք օտարերկրացիներին: Բացի այդ, կա նաեւ սոցիալական խնդիր. ինչո՞ւ մեր մարդիկ չեն կարող օգտվել այդ տարածքներից: Մի՞թե մենք Ռուսաստանի նման անծայրածիր տարածքներ ունենք, որոնց մի մասն էլ կարող ենք տալ ուրիշներին»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը դարձյալ արծարծում է գազի առաջիկա թանկացման հարցը. - «Նույնիսկ ոզնուն հասկանալի է, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո սպառողներին մատակարարվող գազի սակագինը էապես բարձրանալու է: Ու մեր ամբողջ կառավարման համակարգը ուխտ է արել, որ գազի սակագնի բարձրացման թեման չի քննարկվելու մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Այդ թեման տաբու է: Եվ մինչեւ օրս այդ տաբուն «սրբորեն» պահպանվել է: Դրա վառ ապացույցը Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի պահվածքն է, որը լրագրողների հարցերից խուսափելու նկատառումներով քիչ է մնում կառավարության շենքից մինչեւ իր նախարարություն գաղտնի ստորգետնյա թունել փորել տա: Բայց ահա Կենտրոնական բանկի խորհուրդը աննրբանկատորեն, ամենայն հավանականությամբ պատահաբար, չկանխամտածված խախտեց այդ տաբուն: «…կարճաժամկետ հատվածում առկա են գնանկումային ռիսկեր` կապված համաշխարհային տնտեսության վատատեսական հեռանկարների եւ գնաճային ռիսկեր` կապված գազի սակագների հնարավոր թանկացման հետ, որոնց ընդհանուր ազդեցության մեջ գերակայում են գնաճային ռիսկերը», - արձանագրված է Հայաստանի կենտրոնական բանկի փետրվարի 12-ին տեղի ունեցած նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG