Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեր ներկայացրածը աշխատանքային պլան է»


Հայաստանի նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ձեւակերպմամբ` իր նախընտրական ծրագիրը քարոզչական տեխնոլոգիաների հետ կապ չունի:

«Այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդին, սովորական աշխատանքային պլան է: Դրանով մենք առաջնորդվում ենք մեր գործունեության մեջ: Եվ ես եկել եմ, սիրելի մարտունեցիներ, որպեսզի խնդրեմ ձեր հավանությունը հենց մեր այդ աշխատանքային պլանին», - Մարտունիում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց գործող նախագահ ու նախագահի թեկնածու, իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:

Հակադարձելով հաճախ հնչող դիտարկմանը, թե ընտրությունների ելքը կանխորոշված է` նախագահի թեկնածուն ընտրողներին ասաց, թե դրան հավատալու դեպքում իրենց ձայները «անպայման կլրացնեն» այլ ձայներ. - «Նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ` հանուն սեփական նեղ, խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել: Եվ միայն Հայաստանի քաղաքացին կարող է ընդհատել այդ արատավոր շղթան»:

Սերժ Սարգսյանը` առանց անուններ նշելու, անդրադարձավ նաեւ իրեն չշնորհավորելու մասին խոսակցություններին. - « Ասում են` չենք շնորհավորելու, կարծես թե լավություն են անելու մեզ: Դա առաջին հերթին խոսում է շնորհավորողի կուլտուրայի մասին.. Եթե իրենց ուսադիրներից ցածր է շնորհավորելը, ապա թող չշնորհավորեն, սակայն լավ կլինի, որ իրար շնորհավորելու ավանդույթ ձեւավորվի»:

Գեղարքունիքի մարզում նախագահի թեկնածուն ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Վարդենիսում, Մարտունիում, Գավառում:
XS
SM
MD
LG