Մատչելիության հղումներ

Նազարյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում հակադարձել է Մամեդյարովին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, արխիվ

Բաքուն պետք է պատասխանատվության ենթարկի Խոջալուի սպանությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները իրականացնողներին, ընդգծել է Հայաստանի դեսպանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) երեկ տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նա դատապարտել է բոլոր տեսակի ոտնձգություններն ու ահաբեկչական գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության դեմ` խորը մտահոգություն հայտնելով նաեւ սիրիահայ համայնքի վիճակի կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը շարունակում է ընդունել Սիրիայից փախստականներին, որոնք խորապես անհանգստացած են իրենց երկրում ահագնացող բռնություններով:

Անդրադառնալով մինչ այդ քննարկմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին` Կարեն Նազարյանը նշել է, որ իր համար անակնկալ չէր երկար տարիներ Բաքվի կողմից կիրառվող փաստերի աղավաղման պրակտիկան: Նա հավելել է, որ ժամանակն է եկել փոխարինելու քարոզչության այդ անփոփոխ հռետորաբանությունն ու սին մեղադրանքները կառուցողական քայլերով, որոնք նպաստավոր միջավայր կստեղծեն հարցի խաղաղ կարգավորման համար: Կարեն Նազարյանը հիշեցրել է Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում:

Դեսպանը շարունակել է, թե Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկի այն անձանց, որոնք իրականացրել են Խոջալուի սպանությունները, ինչպես նաեւ 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները: Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է. - «Ուղիղ 25 տարի առաջ, ի պատասխան Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնորոշման իրավունքի սահմանադրական պահանջի, ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող անպաշտպան հայերի դեմ: Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը եւ ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն իրենց էթնիկ պատկանելիության համար: Այնուհետեւ Բաքվում, Կիրովաբադում եւ ադրբեջանական այլ քաղաքներում իրականացվեցին առավել վայրագ ու զանգվածային կոտորածներ` հանգեցնելով շուրջ կես միլիոն հայերի էթնիկական զտումների եւ տեղահանության»:

Կարեն Նազարյանն այնուհետեւ հիշեցրել է ԱԽ-ին, որ այդ վայրագություններին հետեւել են Ադրբեջանի ռազմական գործողություններն ու հարձակումները, որոնք նպատակ ունեին ռազմական լուծում տալու Լեռնային Ղարաբաղի հարցին` տարածաշրջանում սանձազերծելով ագրեսիա Ղարաբաղի հանդեպ:

Հայաստանի դեսպանն անդրադարձ է կատարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, որտեղ հղում է կատարում քաղաքացիական հաստատությունների ու օբյեկտների դեմ հարձակումներին, ինչը, ըստ ԿԽՄԿ-ի ուսումնասիրությունների, առավել բարդ ու քիչ ճանաչում գտած հումանիտար խնդիր է: Ըստ Նազարյանի` Հայաստանը միանում է այն դիրքորոշմանը, որ Անվտանգության խորհուրդը պետք է առավել ակտիվ մոտեցում որդեգրի կանխելու ու արձագանքելու նման միջադեպերին, եւ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել առողջապահական հաստատությունների, քաղաքացիական օբյեկտների տրանսպորտային միջոցների դեմ ուղղված հարձակումները` ներառյալ քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքները:

Այդ համատեքստում, Հայաստանի դեսպանը կրկին անգամ ԱԽ-ի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին իրականացնել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներ` չեզոքացնելու սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված վտանգը` առաջարկելով հեռացնել դիպուկահարներին շփման գծից եւ հրադադարի դեպքերի խախտման համար ստեղծել հետաքննող մեխանիզմներ:

Մոտ 12 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային իրավունքի եւ համագործակցության հարցերով տնօրենը, բազմաթիվ անդամ պետությունների ներկայացուցիչներ, ովքեր խստորեն դատապարտել են աշխարհի որեւէ մասում անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG