Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը հացադուլը փետրվարի 20-ին կդադարեցնի


Անդրեաս Ղուկասյանը հացադուլը կդադարեցնի փետրվարի 20-ի առավոտյան, որին կհաջորդի մամուլի ասուլիս եւ նախագահի թեկնածուն կխոսի առաջիկայում իր անելիքների մասին:

Արդեն 24 օր շարունակ հացադուլ անող թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ լուրջ գանգատներ դեռեւս չունի: Թեկնածուն այսուհետ հրաժարվում է խոսել իր առողջական վիճակից: Հարցին, թե ի վիճակի կլինի՞ փետրվարի 18-ին գնալ ընտրատեղամաս եւ մասնակցել քվեարկությանը, Ղուկասյանը պատասխանեց. - «Քվեարկությանը մասնակցեմ, թե` չէ, քաղաքացիներին ուղղված իմ ուղերձը կանեմ փետրվարի 16-ին: Հիմա մենք ուսումնասիրում ենք բոլոր տարբերակները, նայում ենք` ինչպես է փոփոխվում իրադրությունը»:

Ավելի վաղ Անդրիաս Ղուկասյանը ասել էր, թե իր այս քայլով քաղաքացիական անհնազանդություն է ուզում առաջացնել: «Արդյոք այսպիսի երեւույթ ձեւավորվո՞ւմ է» հարցին Ղուկասյանն պատասխանեց, որ փետրվարի 15-ին Երեւանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում քաղաքացիների մի խումբ նախաձեռնել է գումարել բաց ժողով եւ քննարկել քաղաքացիների դիրքորոշումը ապագա գործողությունների վերաբերյալ:

«Ես վստահ եմ, որ այդ ժողովը կարող է սկիզբ դնել մի նոր քաղաքացիական շարժման: Ենթադրում եմ, որ ելույթ կունենամ այնտեղ, եթե իմ ուժերը թույլ տան», - ասաց նա:

Այսօր ավելի վաղ մամուլի ասուլիս էր հրավիրել Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը, որի ընթացքում նա նշեց, թե քաղաքացիական երկու բողոքի ակցիաները, որ տեղի ունեցան քարոզարշավի շրջանակում նույնպես քաղաքացիական անհնազանդության դրսեւորում է: Հարցին, իսկ հետագայում ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու եւ ի՞նչ ֆինանսական միջոցներ են ներդրվելու` այդ անհնազանդությանը ավելի մեծ թափ հաղորդելու համար, Գրիգորյանն պատասխանեց. - «Մենք ակնկալում ենք հասարակության ներդրումը պայքարում, ոչ թե մենք գնանք հասարակությանը ինչ-որ գումար, ֆինանսական ռեսուրսներ տրամադրենք»:

Թեպետ Անդրիաս Ղուկասյանի առողջության մասին իր թիմակիցները նույնպես չէին ցանկանում խոսել, այնուամենայնիվ, լրագրողներին ամենաշատ հուզող հարց հենց դա էր: «Ինչո՞ւ չեք դիմում առողջապահության նախարարության կողմից առաջարկված հետազոտման» բազմաթիվ անգամ հնչող այս հարցին ի պատասխան` Գրիգորյանը բերեց մի օրինակ, որ իրենց եւ նախարարության բժիշկներն անգամ միեւնույն ժամանակ Ղուկասյանի ճնշումը չափելիս արձանագրել են չափից մեծ տարբերություն:

«80/60 կամ 80/50, մենք չափում ենք` 110/70 կամ 110/80: Միտում չենք նկատում, այլ սկսում ենք չվստահել: Այդ իսկ պատճառով մենք ունենք մեր բժիշկները. այս պահին մեր բժիշկների գնահատականով անդառնալի վնաս առողջությանը դեռեւս չի հասցվել», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG