Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության հանդիպմանը


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվել գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականացմանը, մտքեր են փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը եւ ընդգծել հայկական կողմի ակնկալիքը` մինչեւ այս տարվա աշնանը կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովը եզրափակել Ասոցիացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, ներգրավված լինելով Արեւելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությունում, նախատեսում է այս տարի Երեւանում անցկացնել մի քանի միջոցառումներ արդարադատության, երիտասարդական եւ կրթական փոխանակումների ոլորտներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը եւ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը:

Նալբանդյանը վերահաստատել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը գալիք սեպտեմբերին Երեւանում անցկացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել համաժողովի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG