Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը Բաքվին խորհուրդ է տալիս «իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան»


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, արխիվ

Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ որեւիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու Ղարաբաղի օդանավակայանի վերաբացման հարցը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` երեքշաբթի օրը Թբիլիսիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին։

«Պարոն նախարար, Ձեր դիրքորոշումը Խոջալուի օդանավակայանի բացման վերաբերյալ. չէ՞ որ դա անօրինական քայլ է Հայաստանի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ», - ադրբեջանցի լրագրողի այս հարցին ի պատասխան` Նալբանդյանը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է. - «Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը»:

«Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբեւէ չեն քաղաքականացրել եւ որեւիցե մտադրություն չունեն քաղաքականացնելու այդ հարցը: Ադրբեջանը իր ամենօրյա հայտարարություններով քաղաքականացնում է այն, ուստի խախտում է բոլոր պարտավորությունները, որ ստանձնել է համանախագահների առաջ», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը։

«Երկրորդ, համանախագահները կոչ են արել չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ղարաբաղը երբեւիցե չեն սպառնացել ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ: Ադրբեջանը սպառնացել եւ շարունակաբար սպառնում է ուժ կիրառել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ` խախտելով համանախագահների առաջ այդ հարցի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները», - շարունակել է Նալբանդյանը։

«Դուք գիտեք, որ համանախագահները նաեւ նշել էին, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չպետք է կանխորոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` շարունակելով. - «Բազմիցս Հայաստանում, ի միջի այլոց` Լեռնային Ղարաբաղում նույնպես, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար եւ քաղաքացիական նպատակներ»:

«Հարկավոր է իրերին նայել այնպես, ինչպես դրանք կան, եւ չսրել իրավիճակը հայտարարություններով, որոնք հակասում են համապատասխան միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջոցով արտահայտվող միջազգային հանրության մոտեցումներին», - ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG