Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյան. «Թող քննարկեն իմ քաղաքական պահանջը»


«Ես բացարձակ կարեւոր չեմ համարում իմ առողջության վերաբերյալ քննարկումը», - այսօր` հացադուլի 23-րդ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: - «Ես ունեմ առաջ քաշած քաղաքական պահանջ, եւ թող մարդիկ քննարկեն իմ քաղաքական պահանջը»:

Նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, հիշեցնենք, պահանջում է անվավեր ճանաչել Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը:

Զուկասյանի արյան եւ մեզի քննությունը արձանագրել է որոշակի շեղումներ, ինչի պատճառով երեկ նրան այցելել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը եւ հորդորել է որեւէ բուժհաստատությունում անհրաժեշտ հետազոտություններ անցնել։

«Նրա հրաժարվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հացադուլավոր թեկնածուին այսօր կրկին այցելած փոխնախարարը: - «Եթե հետագայում ցանկանա որեւէ բուժհաստատությունում հետազոտություն անցնել, ապա մենք պատրաստ ենք: Խնդիրն այն է, որ մենք պարտադրել չենք կարող: Մենք բացատրեցինք, թե ինչ բարդություններ կարող են առաջանալ, նա ամեն ինչ լավ հասկանում է»:

Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե իր առողջական վիճակի հնարավոր վատթարացումը իրեն բացաձակ չի մտահոգում. - «Ես նորից եմ ասում՝ կա քաղաքական պահանջ: Քննարկեք քաղաքական պահանջը: Դուք ընկել եք իմ առողջական վիճակի ետեւից, որպեսզի քաղաքական պահանջը չքննարկվի՞»:

Առողջապահության նախարարությունը Անդրիաս Ղուկասյանի առողջությանը սպառնացող վտանգի մասին տարածած հաղորդագրությունում նշել է, որ «պատախանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առողջության համար», եւ նրանց մտահոգությունը Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ «ունի զուտ մասնագիտական դրդապատճառներ»:
XS
SM
MD
LG