Մատչելիության հղումներ

logo-print
Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքի անդամները, ազգականները, բարեկամներն ու մտերիմները, նրա գրականության սիրահարները, Երեւանում նրա անունը կրող դպրոցի աշակերտները այսօր` մեծ գրողի ծննդյան 78-րդ տարեդարձի օրը, այցի էին եկել նրա շիրիմին:

Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվածները պատմում էին դրվագներ Մաթեւոսյանի կյանքից, կրկին ու կրկին վերհիշում նրա ստեղծագործությունները, որ այսօր էլ պահանջված են ու սիրելի:

«Գրականությունը լեզվական երեւույթ է, իսկ Հրանտ Մաթեւոսյանի լեզվից ավելի ճապուկ, ավելի զորեղ լեզու, երեւի թե հայ գրականության մեջ չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Մաթեւոսյանի մտերիմ ընկերներից գրականագետ Ֆելիքս Մելոյանը:

Արձակագիր Հովիկ Վարդումյանը, ով հրատարակել է Վարպետի հարցազրույցների ամփոփ ժողովածուն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մի փոքր հարստություն, մի փոքր մարգարիտ կարողացել եմ փրկել կապված Հրանտ Մաթեւոսյանի հետ: Միշտ սիրահարված եմ եղել նրա գրականությանը»:

Նկարիչ Նիկոլ Աղաբաբյանն ասաց, թե իսկապես Մաթեւոսյանին սկսել է ճանաչել գրողի ծննավայրը` Ահնիձորը տեսնելուց հետո. - «Ինչ որ Ահնիձորում կա, դա փաստացի վերցրել եւ արտագրել է: Բայց այդ իրականությունն արտագրելու համար հարկավոր է հանճար լինել, որպեսզի քեզ մեջից հանես ու նրանց մեջից ներկայանաս: Երանի մեզ, որ իր հայրենակիցն ենք, երանի մեզ, որ առնչվել ենք նաեւ Հրանտ Մաթեւոսյան մարդու հետ: Եվ կարծում եմ, որ դեռ Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը ճիշտ գնահատելու ժամանակը նոր պիտի գա»:
XS
SM
MD
LG