Մատչելիության հղումներ

2012 թվականին անչափահասների նկատմամբ գրանցվել է կյանքի եւ առողջության դեմ ուղղված 114 բռնության դեպք, սեռական բռնության՝ 84 դեպք:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բռնությունների դեպքերի գրանցված աճը կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ այժմ նման դեպքերում դիմում են ոստիկանություն, ոչ թե փորձում են թաքցնել դրանք:

«Ունենք նաեւ մոր կողմից նորածնի սպանության երկու դեպք: Ամենաշատը ծեծերն են` 53 դեպք», - ասաց Դուրյանը:

World Vision կազմակերպության երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի ղեկավարը նշեց, որ հանդիպել են ուսուցիչների կողմից աշակերտների նկատմամբ բռնության դեպքերի. - «Հիմնականում երեխաների վրա գոռում են, անպատվում: Երեւանի թիվ 18 դպրոցում, որը բարեբախտաբար, փակվեց, փոխտնօրեն ունեին, որը երեխաներին սարսափելի բառերով էր վիրավորում: Բայց միեւնույն ժամանակ ասում էր, որ ինքը ունի 40 տարվա փորձ եւ այսօր երեխաների պաշտպանության ծրագրեր իրականացնողները չեն էլ պատկերացնում, թե ինչ դժվար է աշխատել երեխաների հետ»:

Երեխաները բռնության են ենթարկվում ընտանիքում, դպրոցում, ընկերական շրջապատում: Save The Children կազմակերպության երեխաների պաշտպանության պատասխանատու Աննա Հարությունյանի խոսքով` եթե մայրաքաղաքում նկատվում է հոգեբանական բռնության տեսակը՝ վիրավորելու, անվանարկելու տեսքով, մարզային դպրոցներում ավելի շատ ֆիզիկական բռնությունն է կիրառվում:

«Դպրոց կար, որտեղ ուսմասվարին երբ տեսնում էին, փախչում էին, որովհետեւ նա խոսք չէր ասում, նա միանգամից խփում էր», - պատմեց Հարությունյանը:

Հարցին` արդյոք վատ սոցիալական պայմաններում ապրող երեխաների նկատմամբ ավելի շատ բռնություն է կիրառվո՞ւմ, զրուցակիցներս պատասխանեցին, որ դա միանշանակ ասել դա չի կարելի:

«Եթե տանը սեր եւ հարգանք կա եւ եթե մարդիկ աղքատ են ապրում, չի նշանակում, որ իրար պիտի ծեծեն, ջարդեն», - ասաց Նելլի Դուրյանը:
XS
SM
MD
LG