Մատչելիության հղումներ

Apple ընկերության առցանց խանութի` iTunes store-ի էլեկտրոնային գրքերի բաժինը Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով արդեն երկու ամիս է, ինչ «Հայկական էլեկտրոնային գիրք» նախաձեռնության հիմնադիրների կողմից ստորագրահավաք է անցկացվում:

Նախաձեռնողներից Ռուբեն Միրաքյանը բացատրում է, որ մեխանիզմը աշխատում է հետեւյալ սկզբունքով. երբ լրանում է ստորագրությունների համապատասխան թիվը, որի պատնեշն այս դեպքում 1000-ն է, նամակը ինքնաբերաբար ուղարկվում է Apple ընկերություն: Այս պահի դրությամբ նախաձեռնությանն արդեն միացել է 255 մարդ:

«Դեռ պարզ չէ` 1000 ձայն հավաքելուց եւ նամակ ուղարկելուց հետո ինչպիսի պատասխան կգա մեզ, բայց հույս ունենք, որ 1000 ստորագրությունը բավականին շատ է Հայաստանում էլեկտրոնային գրքերի ոլորտում առաջին փուլով հաղթանակի հասնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Միրաքյանը:

«iTunes խանութի iBook բաժինն ու Google play-ը էլեկտրոնային տարբերակով գրքերի, ֆիլմերի եւ երաժշտության ամենամեծ հարթակներն են», - ասաց «Հայկական էլեկտրոնային գիրք» նախաձեռնության հիմնադիրներից Մարատ Յավրումյանը. - «Դրանք գործում են տարբեր երկրների տարածքներում` մասնակիորեն կամ ամբողջությամբ. ամերիկյան շուկայում եւ Եվրոպայում, օրինակ, հիմնականում հասանելի են եւ գրքերը, եւ երաժշտությունը, եւ ֆիլմերը: Իսկ մի շարք այլ երկրներում, որոնց թվում նաեւ Հայաստանն է, iTunes store-ում հասանելի են միայն երաժշտությունը եւ ֆիլմերը. փակ է էլեկտրոնային գրքերի հատվածը: Google play-ում այդ հատվածը աշխատում է ծրագրային հավելվածների համար»:

Յավրումյանի խոսքով` iTunes խանութի iBook բաժինը հասանելի չէ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Ռուսաստանում:

«Պատճառը հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրն է, որը իրավապայմանագրային լուծում է ենթադրում», - ասաց նա:

«Շատերը չեն հասկանում խնդիրը: Գրքեր կան, բայց անգամ հիմա, երբ որ այդ խանութները պլանշետներից մտնում ես, մի 20 անվճար գիրք է բերում, Apple ընկերությունն է դրանք տեղադրել, որ ուղղակի այդ մասը դատարկ չմնա», - ասում է Ռուբեն Միրաքյանը:
XS
SM
MD
LG