Մատչելիության հղումներ

«Ես իմ պարտքը կատարեցի` ընտրությունները հետաձգված չեն», - այսօր հայտարարեց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` հիմնավորելով քվեարկության օրը երկու շաբաթով հետաձգելու դիմումը Սահմանադրական դատարանից հետ վերցնելը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր դիմել, ԱԻՄ առաջնորդն. - «Ի՞նչ եք իրար անցել` Հայրիկյանը տվեց, հանեց… Ձե՞զ ինչ պատահեց: Տվեցի, որպեսզի որոշակի նպատակներ արագացնեմ, ակտիվացնեմ: Տեսա չի ստացվում, տեսա, որ ես իմ անձնական շահերը ավելի բարձր եմ դասում, քան հասարակականը, ասացի` Հայրիկյան, լավ, կանգ առ: Ազգային հարցեր կան, վերջ տուր: Հիմնական գործոնը ինչ համար, որ հետ վերցրի, այն էր, որ ես, առաջինը` գնում եմ, ի վերջո, տեռորիստներին ընդառաջ: Այդ ընթացքում, լավ, բացեմ մյուս քայլն էլ` Աստված ոչ անի, այդ 15 օրվա ընթացքում մահանում է Անդրիասը, եւ հարյուր տոկոսով տեռորիստները հաղթում են»:

Պարույր Հայրիկյանը հերքեց, թե դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու հարցում դերակատարություն է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանը. - «Հրապարակավ ես ասել էի, որ դիմելու եմ: Ինքը որեւէ բան չասաց: Կարծում եմ, ինքն իրեն այդքան հարգում է, որ իմանա, որ Հայրիկյանին որեւէ բան չի կարելի խնդրել` ի հեճուկս իր ցանկության»:

Նախագահի թեկնածուն իր դեմ իրականացված մահափորձի հետաքննության մանրամասների չի տիրապետում: Գիտի ոչ ավելի, քան բոլոր` ի'նքը չի ուզում իմանալ:

Գործի շրջանակներում, հիշեցնենք, կան կալանավորվածներ` ենթադրաբար մահափորձն իրականացրած երկու անձինք, կա ատրճանակը, որից արձակվել է կրակոցը, եւ կա մարդ, ով ճանաչում է կալանավորվածներին` նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

«Սեդրակյանին ես ո'չ մեղադրել եմ, ո'չ մեղադրում եմ: Ոչ էլ կրակողներին եմ ես ճանաչում, եթե իսկապես իրենք են: Չեմ էլ խորացել անգամ` իրենք են, թե չէ: Ինձ նկարները որ ցույց են տվել, ասել եմ` շնորհակալություն, ինձ պետք էլ չէ, որ դրանց նկարները ես նայեմ: Ինձ համար ամենակարեւոր բանը ես կարողացել եմ անել, ինձ համար եւ ձեզ համար` այդ սադրանքի պահին գլուխս չկորցնել եւ կարողանալ փրկել ինձ ու ձեզ», - նշեց Հայրիկյանը:

Մահափորձը կատարողների վերաբերյալ իր հակասական հայտարարությունները, նախագահի թեկնածուի խոսքով` օգնել են քննությանը. - «Առաջին բանը, որ պարտավոր էի ասել եւ ասացի` դա ԿԳԲ-ի ձեռագիրն էր: Եվ արտաքինի մասին` եվրոպական արտաքին, մի փոքր էլ կատակով ասել եմ` ճապոնական: Քննության աշխատակիցներն ինձ ասել են` շնորհակալություն, որ Դուք առաջին օրն ասացիք` դժվար թե հիշեմ: Հետո ես մտածեցի, որ օգնում եմ նրանց, եւ սկսեցի հակասական բաներ ասել… Հետո քննության մասնակիցներն ասացին, որ դա օգնել է»:

Միասնական թեկնածուի խնդրի վերաբերյալ Հայրիկյանն ասաց, թե կային «առանձին-առանձին պարտվելու եւ միասին հաղթելու» տարբերակներ: Իր կոչը, սակայն, չընդունվեց` «առողջ առաջարկը ստորադրվեց բամբասանքային մտածելակերպին»:

Պարույր Հայրիկյանն այսօր խիստ քննադատություն հնչեցրեց թեկնածու Հրանտ Բագրատյանի հասցեին. - «Ինչո՞ւ ես պիտի հրապարակավ չխոսեմ ժողովրդավարության մասին: Ի՞նչ բոլշեւիկյան, հհշական մոտեցում է: Որովհետեւ մարդ, որ կարծում է, թե ինքն ուզում է դառնալ սովխոզի նախագահ ու իր կարծիքով տնտեսական ծրագրեր է ներկայացրել, չի էլ պատկերացնում, որ… ախր դու պետության նախագահ ես դառնում, դու պիտի պետական համակարգի վերաբերյալ նորամուծություններ կատարես: Ես անգամ նրա հետ պատրաստ էի աշխատել: Բայց տխրեցի, որ ուզում էի մի մարդու օգտակար լինել, ով իր թիմակիցներին է դավաճանել, իրեն պառլամենտական աթոռ տված Լեւոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չհարցրեց` ի՞նչ կարծիքի ես, ես ուզում եմ դնել իմ թեկնածությունը»:

Նշենք, որ Հրանտ Բագրատյանի շտաբի մամուլի գրասենյակը չի մեկնաբանում Հայրիկյանի հայտարարությունները:

Պարույր Հայրիկյանը, այս ամենով հանդերձ, դեռ չի կորցրել միասնական թեկնածուով հանդես գալու հույսերը. - «Բագրատյանը կարող է ասել` Պարույր, կներես, ես տաքացել էի, ես էլ կասեմ` Հրանտ ջան, դու էլ տասնապատիկ ինձ կներես, ես էլ տաքացա: Տեսնենք ինչ ենք անում: Բայց դրա համար պիտի լինես ընդունակ հավակնություններդ ստորադասելու գեղեցիկ նպատակներին»:

Նախագահի թեկնածուն նաեւ հայտարարեց, թե մահափորձը բացասաբար է ազդել իր վարկանիշի վրա. - «Իմ մասին շատ խոսեցին, բայց խոսեցին ավելի շատ բամբասանքներով»:
XS
SM
MD
LG