Մատչելիության հղումներ

Չակ Հեյգել. «ԱՄՆ-ը ցանկանում է խորացնել ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ»


Չակ Հեյգել
Չակ Հեյգել
«Միացյալ Նահանգները հակված է խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ», - հայտարարել է Բարաք Օբամայի կողմից պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված Չակ Հեյգելը:

Պատասխանելով Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, Միչիգանից ընտրված դեմոկրատ Կարլ Լեւինի հարցին, թե ինչ է ինքը պատրաստվում անել` խորացնեու համար Վաշինգտոնի եւ Երեւանի ռազմական կապերը` Հեյգելը նշել է. - «Պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները ամուր են: Նշեմ, սակայն, որ անգամ առկա հարաբերությունների մակարդակը հաշվի առնելով` երկկողմ կապերի եւ գործընկերության ամրապնդման համար հեռանկարներ եւս առկա են»:

«Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես կշարունակեմ քաջալերել Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի ամրապնդվի համագործակցությունն այն ոլորտներում, որտեղ այն արդեն առկա է: Դրան գումարած` մենք կկարողանանք համագործակցության նոր ոլորտներ եւս ի հայտ բերել», - նշել է Հեյգելը:

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրված Հեյգելը նաեւ նկատել է. - «Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում ընթացող պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, մասնավորաբար, հայկական խաղաղապահ բրիգադի գործունեությանը, որպեսզի այն կարողանա շարունակել իր մասնակցությունը կոալիցիոն գործողություններին»:

Հեյգելի խոսքով, Վաշինգտոնում նաեւ հույս ունեն, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը հետագայում եւս կնպաստի տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Ամերիկահայ կազմակերպություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատել Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնող Հեյգելի այս հայտարարությունները: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. - «Մենք շնորհակալ ենք Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Լեւինին այս հարցը բարձրացնելու եւ պաշտպանության նախարարի հաստատման գործընթացի շրջանակներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտության վրա լրջորեն կենտրոնանալու համար: Մենք համամիտ ենք նաեւ Հեյգելի այն մոտեցմանը, որ երկկողմ ռազմական կապերի զարգացման ավելի մեծ հեռանկարներ են առկա», - նշել է Համբարյանը:

Ակնկալվում է, որ Սենատի հանձնաժողովը Չակ Հեյգելի թեկնածությունը քննության կառնի արդեն այսօր: Հեյգելի թեկնածության շուրջ քվեարկությունը Սենատը կանցկացնի մինչեւ շաբաթավերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG