Մատչելիության հղումներ

Առավել շատ մուտքեր եւ ելքեր` գործող նախագահի հիմնադրամում


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, արխիվ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, արխիվ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկուշաբթի օրը իր արտահերթ նիստում անդրադարձավ փետրվարի 7-ին հրապարակված ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցի այն դիտարկմանը, որ թեկնածուները պետք է բացեն հատուկ բանկային հաշիվներ քարոզչությանը առնչվող բոլոր գործարքները իրականացնելու համար եւ պարբերաբար հայտարարագրեն իրենց քարոզարշավի ծախսերը։

«Այնուամենայնիվ, ոչ բոլոր թեկնածուներն են բացել հաշիվներ կամ ներկայացրել իրենց հայտարարագրերը, իսկ նման բացթողումների դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի պատժամիջոց չի կիրառել», - նշված էր զեկույցում։

ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը սրան ի պատասխան հայտարարեց, որ պատժամիջոցներ չեն կիրառվել, քանի որ նախընտրական հիմնադրամ չբացելու համար Հայաստանի օրենսդրությամբ պատժամիջոց նախատեսված չէ։

«Այսինքն, ակնհայտ է, որ պատասխանատվության այս բոլոր միջոցները կարող են կիրառվել միայն մի դեպքում` եթե թեկնածուն բացել է նախընտրական հիմնադրամ, բայց խախտել է այդ հիմնադրամի վարման կանոնները կամ չի ներկայացրել հայտարարագիր։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք մի դեպքի հետ, երբ թեկնածու Արման Մելիքյանը չի բացել նախընտրական հիմնադրամ, բայց, միեւնույն ժամանակ, թեկնածուն ներկայացրել է հայտարարություն, որ նա չի կատարել քարոզչական ծախսեր», - ասաց Հովհաննիսյանը` նշելով նաեւ, որ երկրորդ հաշվետու ժամանակահատվածի համար եւս Մելիքյանի լիազոր ներկայացուցիչը ներկայացրել է հայտարարություն առ այն, որ թեկնածուի կողմից հունվարի 14-ից մինչեւ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում քարոզչական ծախսեր չեն կատարվել։

Իսկ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում գրանցված մյուս թեկնածուները նույն ժամանակահատվածի վերաբերյալ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված ֆինանսական մուտքերի եւ դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերն են ներկայացրել։

Առավել շատ մուտքեր եւ ելքեր արձանագրվել են գործող նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամում։ Նրան հետեւում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւ «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը։

«Սարգսյան Սերժ Ազատի` հիմնադրամի մուտքերը կազմում են 99 միլիոն 399 հազար 600 դրամ (մոտ 245 հազար դոլար), փաստացի չափը ծախսերի` 74 միլիոն 139 հազար 46 դրամ, Հովհաննիսյան Րաֆֆի` 72 միլիոն դրամ կազմել են մուտքերը, ծախսերի փաստացի չափը` 53 միլիոն 461 հազար 880 դրամ, Հրանտ Բագրատյանի նախընտրական հիմնադրամ մուտք է եղել 11 միլիոն 300 հազար դրամ, որից նա ծախսել է 5 միլիոն 880 հազար 100 դրամը, Անդրիաս Ղուկասյանի մոտ հիմնադրամի մուտքերը պահպանվել են նույն կերպ, ինչ որ առաջին հայտարարագրման ժամկետում էր` 4 միլիոն 100 հազար դրամ, ծախսերը կազմում են 4 միլիոն 91 հազար 240 դրամ», - այս տվյալները հրապարակեց Սեւակ Հովհաննիսյանը։

«Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հիմնադրամում թվերը նույնն են, ինչ առաջին հայտարարագրում` փետրվարի 9-ի դրությամբ մուտքերը կազմել են 1 միլիոն 24 հազար դրամ, որից ծախսվել է մոտ 784 հազար դրամ։

Առավել փոքր մուտքեր եւ ելքեր եղել են որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանի հիմնադրամում։ «Սեդրակյան Վարդան Ժորժիկի` մուտքերը կազմում են 700 հազար դրամ, ծախսերի փաստացի չափը` 520 հազար դրամ», - ասաց ԿԸՀ-ի ներկայացուցիչը։

Նախագահի արդեն նախկին թեկնածու Արամ Հարությունյանի հիմնադրամում թե՛ առաջին, թե՛ երկրորդ հայտարարագրերի համաձայն` ֆինանսական մուտքեր եւ ելքեր չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG