Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործով ցուցմունք է տալիս դատաբժիշկը


«Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ դաժան ծեծի էր ենթարկվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանը

«Հարսնաքար» ռեստորանային համալիրը, որտեղ դաժան ծեծի էր ենթարկվել զինվորական բժիշկ Վահե Ավետյանը

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր հրապարակեց Վահե Ավետյանի դատաբժշկական փորձաքննությունների երկու եզրակացությունները: Ապա մեղադրող Արթուր Դավթյանի հարցերից եւ դատաբժիշկ, այս գործով վկա Գեւորգ Գաֆարյանի պատասխաններն ամփոփելով՝ մեղադրողն արձանագրեց, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի հետեւանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի 5 վնասվածք:

Առաջին փորձաքննության եզրակացության համաձայն, Վահե Ավետյանի մահը վրա է հասել փակ գանգուղեղային վնասվածքների հետեւանքով: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության` բութ, կոշտ առարկաների ներգործության արդյունքում Վահե Ավետյանը ստացել է տասնյակ վնասվածքներ, գլխի մաշկի տակ արձանագրվել են արյունազեղումներ, ստորին ծնոտի շրջանում՝ արյունահավաք, քթի ոսկրերի կոտրվածքներ, ներուղեղային արյունազեղումներ, ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցներ:

Երկրորդ փորձաքննության համաձայն` փորձագետ Ջնդոյանն արձանագրել է, որ Վահե Ավետյանը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ սալջարդեր ճակատային շրջանում, նաեւ՝ գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ:

Այսօր դատարան հրավիրված դատաբժշկական փորձագետ Գեւորգ Գաֆարյանին հարցեր ուղղեց մեղադրող Արթուր Դավթյանը՝ խնդրելով մանրամասնել փորձաքննության եզրահանգումները: «Կարո՞ղ են հատկապես մահվան պատճառ հանդիսացած վնասվածքների հերթականությունը նշել», - հարցրեց նա:

«Դեպքը, տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 17-ին: Ըստ բժշկական փաստաթղթերի` մահը վրա է հասել հունիսի 29-ին, 12 օր հետո: Այդպիսի վաղեմություն ունեցող վնասվածքների պարագայում հաջորդականությունը որոշել հնարավոր չէ», - ասաց Գաֆարյանը:

Նկատի ունենալով այն, որ Վահե Ավետյանի ուղեղի մի հատվածը ծեծի հետեւանքով տեղաշարժվել է 4 սմ, Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց` եղե՞լ են նման դեպքեր, որ այս ախտորոշման դեպքում մարդը ապրի, կենդանի մնա, թեկուզ ոչ գիտակից վիճակում: Փորձագետը Ավետյանի ստացած վնասվածքներով այլ անձի օրինակ չհիշեց:

Տուժող կողմի ներկայացուցիչների հարցերից մի քանիսին վկան չպատասխանեց, ասաց, որ այդ հարցերի պատասխանը հնարավոր կլիներ ստանալ հանձնաժողովային կրկնակի փորձաքննության շնորհիվ:

Հիշեցնենք, Վահե Ավետյանի գործով աղմկահարույց նախաքննության ժամանակ Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դիմել էին նախաքննական մարմնին՝ կրկնակի հանձնաժողովային փորձաքննության պահանջով, սակայն մի շարք այլ միջնորդությունների նման մերժվել էր նաեւ դա: Հիմա, ի դեպ, տուժող կողմի պնդմամբ՝ անհիմն մերժման որոշումները վիճարկվում են Վճռաբեկ դատարանում:

Վահե Ավետյանի մահվան գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին:
XS
SM
MD
LG