Մատչելիության հղումներ

Թբիլիսիում` Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական հավաք


Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը Թբիլիսիում, 11-ը փետրվարի, 2013թ.

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը Թբիլիսիում, 11-ը փետրվարի, 2013թ.

Հանդիպմանը Հայաստանը կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այսօր Թբիլիսիում գումարվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին ներկա կլինի ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ղեկավարած պատվիրակությունը։

Եվրամիության պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին հարցերի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտային հարցերով եվրահանձնակատար Սիիմ Կալասը։

Հավաքի օրակարգում կարեւոր հարցերից են տրանսպորտի աշխատանքը, ենթակառուցվածքների զարգացումը եւ շուկաների ինտեգրումը, բացի այդ, մասնակիցները կանդրադառնան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այս տարվա նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպմանը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում կմասնակցի այս ոչ պաշտոնական հավաքին։ Երեկ նա հանդիպել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեին, նախատեսված են հանդիպումներ պաշտոնատար այլ անձանց հետ եւս։

Ադրբեջանը կներկայացնեն արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամմադգուլիեւը եւ տրանսպորտի նախարար Զիա Մամմադովը։ Այդ մասին երեկ տեղեկացրել է նախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը։

Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցում են Եվրոպական միության հետ սերտ կապեր հաստատելու նպատակ հետապնդող նախկին խորհրդային վեց երկրներ` Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը։

Արեւելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում։

Ուշագրավ է, որ մարդու իրավունքների ոտնահարման համար միջազգային մեկուսացման մեջ հայտնվելու եւ խիստ պատժամիջոցների ենթարկվելու արդյունքում այս ծրագրին մասնակցությունը գրեթե նվազագույնի հասցրած Բելառուսը, այնուամենայնիվ, վճռել է պատվիրակ գործուղել Թբիլիսի։ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքին ներկա կլինեն Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը եւ տրանսպորտի նախարար Անատոլի Սիվակը։

Ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են Բելառուսի պաշտոնյաներին այս հավաքին հրավիրելու Վրաստանի որոշումը եւ Լիտվային հորդորել են Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն անցկացնել առաց Բելառուսի ներկայացուցիչների։

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե վրացական կողմը հրավեր է ուղարկել Բելառուսի պաշտոնյաներին, քանի որ խոսքը ոչ պաշտոնական հավաքի մասին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG