Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քննադատում է Րաֆֆի Հովհաննիսյանին


Սերժ Սարգսյանը Երեւանի Նուբարաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպմանը, 11 փետրվարի, 2013

Սերժ Սարգսյանը Երեւանի Նուբարաշեն համայնքում ընտրողների հետ հանդիպմանը, 11 փետրվարի, 2013

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր Երեւանի Նուբարաշեն համայնքում իր համակիրների հետ հանդիպմանը խիստ քննադատական խոսքեր հնչեցրեց իրենց «կոռեկտ չպահող» նախագահի մյուս թեկնածուների հասցեին:

«Երեկ թեկնածուներից մեկը ձայնին խրոխտ արտահայտություն տված հայտարարեց, թե «սա բարու եւ չարի պայքար է»: Տեղ հասանք, ինչպես ասում են, որովհետեւ գոնե շատ թե քիչ, մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի, ասի` էլի սկսեցի՞ք` մերոնք, ձերոնք..., նորից էլի սկսվեց սեւ-սպիտակի բաժանելը, նորից չար, նորից բարի: Վարակված են էդ մարդիկ, ոնց որ վարակ կա մեր օդում, էլի սկսեցին իմ ու քո Հայաստանը, էլի բաժանարար գծեր: Ես չեմ հասակում, թե էդ մարդիկ ե՞րբ են հասկանալու, որ էս երկիրը ուղղակի մեղք է էս մասնատումների ձեռքին: Հո՞ մեր ժողովուրդը կրակը չի ընկել մի քանի մարդկանց ամբիցաների ձեռքը», - հայտարարեց Սերժ Սարգսյանը իր նախընտրական հանդիպման ընթացքում, որին ներկա էին Նուբարաշենի դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական ծառայության, հոգեբուժարանի աշխատակիցները:

Հանդիպմանը ներկա էին նաեւ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկատենք, որ «բարու եւ չարի պայքարի» մասին խոսել էր «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Կիրակի օրը Գյումրիում իր նախընտրական հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը, անդրադառնալով նախագահական ընտրություններին, ասել էր, թե դա «ոչ թէ անձերի ու քաղաքական կուսակցությունների պայքար է, այլ բարու ու չարի:

«Երբ ասում է` սա բարու ու չարի պայքար է, հետաքրքի՞ր է` նա կարող է ասել, որն է չարը, ըստ իրեն: Իսկ մյուս հաշվով ի՞նքն է որոշողը, թե որն է չարը, որը` բարին: Եվ ընդհանրապես հարց է առաջանում. այսպիսի մարդիկ կյանքում լուրջ որոշումներ կայացրե՞լ են, թե՞ ոչ: Նրանք հասկանում են, թե ի՞նչ է նշանակում որոշում կայացնել, ի՞նչ է նշանակում, երբ ընկերոջդ կամ եղբորդ ուղարկում ես կրակի բերան, նրանք հասկանում են, թե ի՞նչ է նշանակում մարդուն ուղարկել պետական կարեւոր առաջադրանք կատարելու: Խոսքը լուրջ որոշումների մասին է եւ ոչ թե մեծ-մեծ հայտարարելու, որ «վաղը ես նախագահ դառնամ, ճանաչելու եմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ոնց որ թե Ղարաբաղի համար է պռոշը ճաքում», - հեգնեց Սերժ Սարգսյանը:

Գործող նախագահի խոսքով` Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց «ավելի մեծ ավանտյուրա այս պահին չի կարող լինել»:

«Եվ խոսում է մարդը, ով իրեն ներկայացնում է որպես արտաքին քաղաքականության մեծ մասնագետ: Այսպիսի ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, երբ սկսում են չարի եւ բարու կռվի մասին, դրանով սկսում են, հետո սկսելու են գայթակղվել, խոսել ինչ-որ բաներ կազմաքանդելու մասին, հետո սկսելու են խոսել մահակների մասին, եւ վերադառնալու ենք մի իրողության, երբ մի խումբ մարդիկ` փոքրամասնությունը, փորձում է իր կամքը պարտադրել մեծամասնությանը: Չի' լինելու այդպես, պրծանք, անցավ մի անգամ... Ես խորհուրդ կտամ, որպեսզի նրանք թողնեն այդպիսի խոսակցությունները, պայքարեն լավ բաների համար: Եվ այդ մարդկանց բոլորին ասում եմ, որ կա լույսը եւ լույսի հետեւից պետք է գնան: Բայց երեւում է, որ այդ մարդիկ նայում են, բայց չեն տեսնում: Լավ կլինի, որ տեսնեն», - ասաց նա:

Նկատենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը գովեստի խոսքեր էր շռայլել նախագահի մյուս թեկնածուների հասցեին. մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի մասին ասել էր` նա մարդ է, ով «դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG