Մատչելիության հղումներ

25 ասպիրանտներ այսօր Գիտության պետական կոմիտեում (Գիտպետկոմ) ստացան իրենց դրամաշնորհները՝ 1.2-1.5-ական մլն դրամ:

Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամները 2012-ի սեպտեմբերին հայտարարել էին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր» մրցույթ:

Մասնակցության հայտ էին ներկայացրել 51 ասպիրանտ: Ներկայացված հայտերից ընտրվել էին 25-ը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ կառավարության կողմից տարեկան ավելի քան 300 մլն դրամ է հատկացվում երիտասարդական ծրագրերի իրականացմանը:

Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրը, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների կարծիքով, իրականում չի աջակցում երիտասարդ գիտնականներին: Ասոցիացիայի երիտասարդ գիտնականներից մեկը, ով հենց այս նույն ծրագրով 2010-ին ստացել էր դրամաշնորհ, սեփական փորձն օրինակ բերելով, բաց նամակ է հղել Գիտպետկոմ եւ ԿԳՆ:

Նամակում նշել է, որ եռակողմ պայմանագիրը, որը կնքվում է Գիտպետկոմի, ասպիրանի եւ այն կազմակերպության հետ որտեղ աշխատում է ասպիրանտը, «թյուրիմացություն է», «ավելորդ քաշքշուկներ է ստեղծում գիտնականի համար»: Երիտասարդ գիտնականին անհանգստացնում է նաեւ այն, որ իրենց հատկացվող գումարը հարկվում է:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացայի նախագահ Արսեն Գասպարյանի խոսքով՝ իրենք դեռ 2010-ին այս ծրագրի մասին հայտարարությունից հետո, նամակի տեսքով առաջարկներ էին ներկայացրել ԿԳՆ եւ Գիտպետկոմ: Բայց մինչեւ այսօր որեւէ պատասխան չեն ստացել, եւ դա է պատճառը, որ իրենք այսօր ստիպված նամակը հրապարակում են լրատվամիջոցների օգնությամբ:

Իսկ Գիտպետկոմի նախագահն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նախ նշեմ, որ պայմանագիրը երկկողմ է, ոչ թե եռակողմ: Ինչ վերաբերվում է նրան, որ ծրագրերի շահած կամ չշահածների ցուցակը ներկայացնենք իրենց բալերով՝ դա գիտական էթիկայի նորմերին հակասող դրույթ է, դա ոչ մի երկրում չի արվում: Իսկ հարկերի մասով ասեմ, որ դա պետական բյուջե է եւ պետք է հարկվի»:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ երկրում կան օրենքներ, որոնք պետք է պահպանել եւ որ հարկ մուծելու պարտավորությունները նաեւ երիտասարդ գիտնականների վրա է տարածվում. - «Եթե ընթացիկ դժգոհություններից կան կոնկրետ առաջարկություններ, թե որտեղ ինչ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, ապա պատրաստ եմ դա քննարկել: Լուրջ խնդիրները պահանջում են լուրջ քննարկումներ, եւ այդ քննարկումները միշտ չէ, որ պետք է բաց նամակի ֆորմատ ունենան: Կարծում եմ, որ ես այնքան հասանելի եմ, որ անգամ այդ ասոցիացիան՝ որի հետ ես աշխատանքի փորձ ունեմ, իմ անձնական ֆեյսբուքյան էջում նույնպես այդ գրառումները թողնում են»:

«Մենք հանդիպում եւ քննարկում կազմակերպելու խնդրանքով բազմիցս դիմել ենք կոմիտեի նախագահին ու նախարարին եւ միշտ մնացել ենք անպատասխան: Այդ է պատճառը, որ մենք ստիպված բաց նամակով ենք դիմում իրենց: Հիմա էլ նորից առաջարկում ենք լսել մեզ: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի համատեղ ուժերով օրենքում փոփոխություններ արվեն: Երիտասարդ գիտնականի առանց այդ էլ նվազագույն աշխատավարձն ու հատկացվող դրամաշնորհը պետք չէ հարկել», - ասաց Արսեն Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG