Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհվածներ Հնդկաստանում սրբազան փառատոնի ժամանակ


Հնդկաստան - Սրբազան փառատոնը Ալլահաբադում, 10-ը փետրվարի, 2013թ.
Հնդկաստան - Սրբազան փառատոնը Ալլահաբադում, 10-ը փետրվարի, 2013թ.
Հնդկաստանի Ալլահաբադ քաղաքի կայարանում երեկ երեկոյան կայացած սրբազան փառատոնի ժամանակ հրմշտոցի հետեւանքով առնվազն 36 մարդ է զոհվել։

Զոհվածների թիվը, բժիշկների հավաստմամբ, կարող է ավելանալ, քանի որ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկոյան կայարանում հավաքվել է շուրջ 4 հազար մարդ: Ողբերգության պատճառը եղել է այն, որ ոստիկանությունը երկար ժամանակ ուխտավորներին պահել է կայարանում՝ թույլ չտալով դուրս գալ այնտեղից:

Ութար Փրադեշ նահանգի կառավարությունը սկսել է ողբերգության հանգամանքների հետաքննությունը:

Սրբազան Կումբհ Մելա (Սափորի տոն) փառատոնն անցկացվում է 12 տարին մեկ անգամ Ալլահաբադ, Հարիդվար, Նասիկ եւ Ուջայն քաղաքներում:

Նախկինում փառատոնի ընթացքում նույնպես տեղի են ունեցել նման միջադեպեր, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Այդ պատճառով այս տարի կառավարությունը փորձել էր ուժեղացնել անվտանգության համակարգը, եւ Ալլահաբադում հերթապահում էին ուժային համակարգի շուրջ 15 հազար աշխատակիցներ, որոնց, սակայն, ողբերգությունը կանխել չհաջողվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG