Մատչելիության հղումներ

Թեկնածուն քննադատում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը


Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով` քննադատելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը:

«Ակնհայտ է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից իմ առաջադրած պահանջների եւ դրանց գնահատականների անտեսումը վկայում է, որ այդ առաքելության գործողությունը որեւիցե կապ չունի ժողովրդավարության հետ եւ հետապնդում է քաղաքական այլ նպատակներ», - հայտարարեց Ղուկասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպել էր ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու համար:

Քարոզարշավի առաջին օրվանից` հունվարի 21-ից հացադուլ անող թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում էր մերժել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը` ասելով, թե նրա ղեկավարած կուսակցությունը խախտում է Սահմանադրությունը:

«Առաքելությունը շրջանցում է այս կարեւոր փաստը, որը էական նշանակություն ունի ընտրությունների գնահատման համար: Փաստորեն ուշադրություն չդարձնելով դրա վրա` անորոշությունը մոլորություն կարող է ստեղծել միջազգային հանրության մոտ, բոլոր նրանց մոտ, ովքեր նման զեկույցից փորձում են Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին պատկերացում ստանալ», - հայտարարեց Ղուկասյանը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցը, ըստ Ղուկասյանի, այդ «մոլորեցումը ստեղծում է, եթե հետագայում ճշգրտումներ չարվեն»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե իրենք տրիբունալ չեն, ավելին «չափազանց տեխնիկական կազմակերպություն են», այսպիսով իրապես հանդես չեն գալիս ընտրությունների լեգիտիմությունը որոշող քաղաքական հայտարարությամբ:

«Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի իր ընտրությունների լեգիտիմությունը», - ասել էր Թալիավինին:

Անդրադառնալով այս հայտարարությանը` Ղուկասյանը ասաց. - «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը տրիբունալ չէ, բայց այն սերտիֆիկատ տվող ատյան է, այն տալիս է ռեժիմների վավերացում, որ այն, ինչ այդ ռեժիմները անում են իրենց ժողովուրդների հետ, դա ճիշտ է: 2008 թվականին նման սերտիֆիկատ տրվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությանը եւ այդ կառավարությունը ուժ գործադրեց ընտրություններում ընտրակեղծիքների դեմ ընդվզող քաղաքացիների նկատմամբ: Նման ընտրությունները ստանում են գնահատական, որ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Դա նշանակո՞ւմ է, որ Եվրոպայում էլ են ընտրակաշառք բաժանում»:

Թեկնածուն այսօր միջազգային դիտորդներին առաջարկեց «հավաքել իրենց ունեցվածքը» եւ լքել Հայաստանը:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ Պարույր Հայրիկյանի` Սահմանադրական դատարան դիմելու, հետո դիմումը հետ վերցնելու առնչությամբ Ղուկասյանի վերաբերմունքը: Ըստ Ղուկասյանի` սա ուղղակի լարվածության մեջ պահեց հանրությանը եւ ինչ-որ ազդեցություն կարող էր ունենալ քաղաքական պրոցեսների վրա, բայց հիմա դրանք հասել են իրենց ավարտին:

Արդեն 22-րդ օրը հացադուլ հայտարարած նախագահի թեկնածուն իր առողջական վիճակի մասին խոսելիս ասաց, որ դեռեւս չի դիմել բժշկական հետազոտության, քանի որ իշխանությունների ներկայացուցիչների պահելաձեւի մեջ հակասություն է տեսնում: Նախագահի թեկնածուն ասում է` «մի կողմից հորդում են որ որոշակի գործողությունների դիմեմ, մյուս կողմից էլ հանրապետական Արմեն Աշոտյանը լոգանք ընդունելու երեւույթը որակեց որպես ռեալիթի շոու»:

«Եթե իրենք համարում են, որ հացադուլը ռեալիթի շոու է, ես այդ դեպքում ամբողջությամբ կհրաժարվեմ առողջապահության նախարարության աջակցությունից», - ասաց Ղուկասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG