Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ, երկրի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ենթադրում է, որ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան «գործարքի մեջ է իշխանությունների հետ»:

«Եթե դու ազնիվ ես քո նկատառումներում, հանիր թեկնածությունդ` հօգուտ ապագա միասնական թեկնածուի», - Հայրիկյանին առաջարկեց Բագրատյանը` հավելելով նաեւ, որ միասնական թեկնածուի հարցում «ֆավորիտի մասին խոսք չի եղել»:

Բագրատյանի ասուլիսի ժամանակ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռեւս Սահմանադրական դատարանից հետ չէր վերցրել ընտրությունները 14 օրով հետաձգելու մասին դիմումը:

Հայրիկյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե դիմումը հետ կվերցնի միայն, եթե առաջիկա երկու օրերին ընդդիմադիր թեկնածուները միավորվեն:

«Նրա վրա կրակելուց երկու օր առաջ մենք երեքով [Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը] ստորագրել ենք թուղթ: Այդ թղթում կա մի շատ կարեւոր կետ ցուցակների վերաբերյալ: Ես կուզենայի, որ երեքը, բացի ինձանից մյուս երկուսը եւս պնդեն, որ հավատարիմ են այդ կետին եւ հայտարարեն, որ իրենք իրոք ընդդիմություն են, որ պաշտոն չեն ստանում եւ չեն շնորհավորելու իշխանության թեկնածուին` եթե նա հաղթի ընտրություններում: Որովհետեւ այդ երկրորդ կետը մյուս օրը չհարգվեց. ոստիկանությունը հայտարարեց` չեմ անի», - ասաց Բագրատյանը:

Նախկին վարչապետը «բացարձակապես տրամաբանություն չի տեսնում Սահմանադրական դատարան դիմելու եւ միասնական թեկնածուի վերաբերյալ Հայրիկյանի առաջարկի մեջ». - «Եթե հանկարծ միասնական թեկնածու լինի, ասվում է, ընտրությունները կկայանան ճիշտ ժամանակին: Ո՞վ է ուզում, որ ընտրությունները կայանան ճիշտ ժամանակին: Սերժ Սարգսյանը»:

«Գուցե ավելի շուտ միասնական թեկնածուի թեզի տակ եղած ընդդիմության դաշտը, այդ թվում` ձեր խոնարհ ծառային փորձ անել զրոյացնելու», - հայտարարեց նա շարունակելով. - «Ես այստեղ տեսնում եմ նաեւ իշխանության փորձը. որոշենք ոչ միայն առաջին տեղը, որոշենք երկրորդը, որ կշնորհավորի, որոշենք երրորդը, չորրորդը` ընդդիմություն չմնա»:

Հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը, որը, հիշեցնենք, անդամակցում է ՀԱԿ դաշինքին, ստեղծվող ՀԱԿ կուսակցության կապակցությամբ, նախագահի թեկնածուն արձագանքեց. - ««Ազատություն» կուսակցությունը այդ ստեղծվող կուսակցության հետ կապ չունի: Այդ կուսակցության ստեղծումը, դուք արդեն հասկանում եք, որ, ըստ էության, ինչ-որ տեղ նշանակում է ՀԱԿ-ի վերջը: ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցություններից առնվազն երեքի ղեկավարները ինձ զանգել են այս օրերին… Գիտեք, ասեմ եմ, կուսակցություն կարող են ստեղծել եւ կարող են ՀԱԿ անվանել: Ես առաջին նախագահի գործողությունները` նոր կուսակցություն, շարժում ծավալելու, բոլորովին հարգում եմ: Այդտեղ «Ազատություն» կուսակցությունը չկա»:

«Ամենայն հավանականությամբ, այլեւս անիմաստ է խոսել ՀԱԿ դաշինքի մասին», - եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Միասնական թեկնածուի վերաբերյալ, մասնավորապես, Պարույր Հայրիկյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չմիավորվելու պատճառներ մասին թեկնածուին հարցեր ուղղեցին նաեւ Գյումրիում, ուր օրվա երկրորդ կեսին Բագրատյանը մեկնել էր ընտրողների հետ հանդիպումների:

«Այսօր, երբ դիմումը հետ վերցրեց, ես ասացի, որ արդեն լուրջ չէ սա: Նստեն ենք այդ թամաշայի մեջ ավելի լավ է քարոզարշավով զբաղվենք», - պատասխանեց նա:

Գյումրիում ընտրողներից շատերը հետաքրքրվում էին սոցիալական հարցերով: Ավանդների մասին, օրինակ, թեկնածուն խոստացավ. - «Տալու եմ բանկի ավանդները: Փոխառություն կձեւակերպեմ, եթե փողս չհերիքի: Երբ ձեւակերպեմ, կարող եք թողնել ձեր հարազատին: Մեռած մարդունն էլ եմ տալու»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG