Մատչելիության հղումներ

Բնության հատուկ պահպանվող տարածքները ֆինանսավորման ավելացման կարիք ունեն


Armenia - a photo of Khosrov forest state reserve

Armenia - a photo of Khosrov forest state reserve

«Այսօր Հայաստանում գոյություն ունի 3 արգելոց, 4 ազգային պարկ եւ 26 արգելավայր: Դրանց պահպանման, վերահսկողության ուժեղացման, ընթացիկ խնդիրները լուծելու համար, սակայն, պետբյուջեյից հատկացվող գումարները բավարար չեն», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը եւ հավելեց, որ այսօր աշխատողների թվի ավելացման, բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաեւ օրենսդրության բարեփոխման կարիք ունեն:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի կարծիքով, արգելոցներից, ազգային պարկերից ընդամենը երկուսն են լավ վիճակում՝ Շիկահողի արգելոցը եւ «Արեւիկ » ազգային պարկը, իսկ ահա արգելավայրերի 90 տոկոսը բարեկարգման կարիք ունեն:

Անդրադառնալով հատուկ պահպանվող տարածքներին տրամադրվող գումարին՝ Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ իր համար անընդունելի է, որ բիոզուգարանների կառուցման համար պետությունը կարող է տրամադրել 124 մլն դրամ, իսկ արգելոցի պահպանման տարեկան ծախսերի համար` 10 մլն դրամ:

Խոսելով բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող որսագողողությունից՝ Արամ Աղասյանը ընդգծեց. - «Բարդ աշխարհագրական դիրքի, կրկին ֆինանսավորման պակասի պատճառով հնարավոր չէ 24 ժամ հետեւել, կանխել որսագողության դեպքերը»:

Կարեն Մանվելյանը եւս նշում է, որ ունեցած ռեսուրսներով հնարավոր չէ արդյունավետ վերահսկողություն իրականացնել:
XS
SM
MD
LG