Մատչելիության հղումներ

Հայրիկյանը ետ վերցրեց դիմումը Սահմանադրական դատարանից


Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Պարույր Հայրիկյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Նախագահի թեկնածուի փաստաբանը ետ է վերցրել դիմումը, մինչ ՍԴ-ն կքննարկեր այն վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու հարցը։ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը երկուշաբթի օրը ետ է վերցրել իր դիմումը Սահմանադրական դատարանից (ՍԴ)։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով դիմումը Հայրիկյանը ներկայացրել էր նախօրեին։

Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դիմումը հետ վերցնելու հարցով դիմել է ժամը 12։25-ի սահմաններում, մինչ դատարանը կքննարկեր դիմումը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու հարցը:

ՍԴ-ի աշխատակարգային նիստը նշանակված էր կեսօրին: Վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պարագայում, թեկնածուն այլեւս չէր կարող դիմումը հետ վերցնել:

Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ դիմումը հետ վերցնելու որոշում է կայացրել:

«Արդեն վերջնական որոշումն եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Եթե խախտվում է թեկնածուների հավասար քարոզարշավի մասնակցության իրավունքը, արդեն դա ընտրություն չէր, բայց դրան զուգահեռ կա մի ժողովրդի իրավունք, որը փորձ արվեց խախտել ահաբեկչությամբ: Հիմա ես պետք է վերցնեմ եւ իմ իրավունքը, եւ իմ ժողովրդի իրավունքը, եւ ահաբեկիչների ցանկությունը: Այս բոլորն իրար հետ համադրելով, ես ի վերջո որոշեցի, որ պիտի ոչ մի քայլ չանեմ, որը կընկալվի որպես տեռորիստների կատարած գործողությունների զարգացում», - ասաց Հայրիկյանը` շարունակելով. - «Բայց միաժամանակ կար նաեւ մի մտահոգություն, որ եթե ես երեկ դիմումը չներկայացնեի, եւ այսօր հանկարծ մենք միասնական թեկնածուներով պատկերացնեինք, որ գործ կա անելու, կամ ուրիշ խնդիրներ լինեին, ես կորցնում էի սահմանադրորեն նախատեսված ժամանակը, օրենքներով նախատեսված ժամանակը: Դրա համար երեկ ես դիմելիս, միաժամանակ ասացի, որ շատ հնարավոր է, որ թույլ չտամ, որ դիմումս ընթացք ստանա: Երեկ դիմելուց մինչեւ այսօր նաեւ այլ բնույթի խորհրդակցություններ անցկացրեցի, նաեւ մասնագետների հետ քննարկեցի, թե ի վերջո ինչ եմ կորցնում որպես անհատ, եւ արդյոք կարող եմ այդ կորցրածս քաղաքացիների աջակցությամբ վերականգնել, եւ այսօր փաստաբանիս ուղարկեցի, որ այդ դիմումը չեղյալ հայտարարի, եւ մեր ընտրությունները կայանան փետրվարի 18-ին: Այսինքն որեւէ ստահակ չուրախանա թեկուզ փոքր-ինչ չափով, որ ես խախտեցի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների ժամանակացույցը: Այսինքն, Հայրիկյան նախագահի թեկնածուն ենթակայացվեց, չասենք զոհաբերվեց, ժողովրդի բնականոն կյանքով ապրելու իրավունքին»:

ԱԻՄ-ի առաջնորդը հաստատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է իրեն, բայց ընդգծեց, որ այցելել է առավոտյան մինչ ՍԴ դիմելը, եւ այդ թեմայով չեն խոսել. - «Սերժ Սարգսյանը ինչո՞վ պիտի իմ վրա ազդեր, հետաքրքիր են այդպիսի բան ասողները: Եթե բանտերում ինձ ամենաթանկ բանն էին առաջարկում` ազատություն, ու ես ասում էի «գնացեք գրողի ծոցը, երբ որ ազատվեմ «Անկախություն» թերթ եմ լույս ընծայելու, կթողնե՞ք», ասում էին` «չէ, կբռնենք», ասում էի` «կբռնեք, դե նստած էլ կմնամ»: Ես առեւտուր չեմ արել, չեմ ասում, որ ես բացառիկ եմ: Ես գիտեմ, որ իմ ամեն օրը կարող է լինել իմ վերջին օրը, ես ինչո՞ւ պիտի անորոշ ապագայի համար իմ խիղճը զոհաբերեմ: Ինձ ոչ ոք որեւէ բան չի առաջարկել ու չեն էլ համարձակվում առաջարկել, որովհետեւ շատ լավ հասկանում են, թե ում հետ գործ ունեն»:

Պարույր Հայրիկյանը, ինչպես նաեւ նախագահի մյուս թեկնածուները այլեւս չեն կարող Սահմանադրական դատարան դիմել ընտրությունները հետաձգելու պահանջով, քանի որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է երեկ:

Այսօր Հայրիկյանը հիվանդանոցից դուրս գրվեց եւ կշարունակի քարոզարշավը, թեեւ իր կարծիքով, հիվանդանոցում գտնվելու օրերին ինքը շատ է տուժել ծրագրերը հանրությանը ներկայացնել չկարողանալու առումով:

Էպոսագետը հաստատում է, որ ճանաչում է մահափորձի գործով կալանավորվածներին

Ինչ վերաբերում է մահափորձի հատկանիշներով հարուցված քրեական գործին, որի շրջանակներում երկու մարդ է կալանավորված, ապա Ազգային անվտանգության ծառայության տրամադրած վերջին տեղեկությունների համաձայն, Պարույր Հայրիկյանի վրա գնդակներն արձակվել են «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից, որը հայտնաբերվել է կալանավորվածներից մեկի բնակարանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջին օրերին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները նախագահի մեկ այլ թեկնածուի` էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի հարեւաններն են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեդրակյանը հաստատեց դա:

«Այո, մեր հարեւաններն են: Նրանցից մեկը իմ տունը վերանորոգել է, մյուսն էլ իր վարորդն է եղել, տաքսիստ է եղել», - ասաց նա:

«Այսինքն` ճանաչո՞ւմ եք»:

«Իհարկե, տունս նախանցյալ տարի են վերանորոգել, ամառանոցս էլ` անցյալ տարի: Ուղղակի մի բան ասեմ` Երեւանում էնքան մարդկանց տներ է վերանորոգել…կյանքում իր առաջին ռեմոնտը չի եղել, էլի»:

«Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հենց Ձեր անունը շրջանառության մեջ դնելը»:

«Դե, մյուսները նախագահության թեկնածու չեն»:

«Այսինքն` սադրա՞նք է սա»:

«Դուք փորձեք հասկանալ: Որեւէ կերպ կմեկնաբանեմ, եթե պաշտոնական ինչ- որ հայտարարություն լինի: Բայց ես որքանով հասկանում եմ, լրիվ ուրիշ բան են պատրաստվում անել մեր սիրելի իշխանությունները: Ես վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրել եւ շատ հարցերի այնտեղ կպատասխանեմ»:

«Ձեզ հարցաքննության կանչե՞լ են»:

«Ինչի՞ համար: Եթե մեր տունը նորոգել են, ինձ պետք է հարցաքննության կանչեն», - զարմացավ թեկնածուն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG