Մատչելիության հղումներ

ԱԱԾ. «Գնդակներն արձակվել են «Նագան»-ից»


Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վայրը Երեւանի Տպագրիչների փողոցում, 1-ը փետրվարի, 2013թ.
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վայրը Երեւանի Տպագրիչների փողոցում, 1-ը փետրվարի, 2013թ.
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը այսօր նոր հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ հունվարի 31-ին կատարված մահափորձի փաստի առթիվ ԱԱԾ-ի քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ։

Քրեական վարույթն իրականացնող մարմինը, «նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը», հայտնում է հետեւյալը. - «Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության: Քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով պարզ է դարձել, որ դեպքի վայրի զննությամբ եւ տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 միլիմետր տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից»:

Նախաքննությունը շարունակվում է, ԱԱԾ-ն խոստանում է դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տրամադրել հանրությանը:

«Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել եւ կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի եւ անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի եւ օբյեկտիվ քննության շահերից», - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG