Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունները հետաձգելու հայցով վաղը դիմում է հանձնելու Սահմանադրական դատարան:

Սա՝ անկախ այն հանգամանքից` կմիանա՞ն նրան նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական ճակատով, թե՞ ոչ: Նշենք, որ փետրվարի տասը դատարան դիմելու վերջնաժամկետն է:

Այսօր առավոտյան նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել, որում կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին միանալ իրեն եւ ընտրություններին հանդես գալ մեկ թեկնածուով՝ նշելով, որ սա իրենց բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է։

«Եթե իրենք համաձայնեն, ապա ես ավելի վճռական եւ մեր հաղթանակի վստահությամբ կդիմեմ դատարան: Ամսի 31-ի մահափորձը կանխեց մեր հանդիպումը, որտեղ ես պիտի մանրամասն ներկայացնեի պայմանները: Իսկ հաղթականությունը շատ լուրջ ուսումնասիրության արդյունք է. եթե մենք հայտարարենք, որ միանում ենք, մեր միասնական տոկոսը դառնում է 70, եթե մի շաբաթ էլ աշխատենք, դա դառնում է 80, անպես որ հրաժարվել դրանից, նշանակում է ամեն ինչում լինել՝ բացի քաղաքականությունից», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Պարույր Հայրիկյանը:

Եթե թեկնածուները համաձայնեն, ո՞վ կլինի հավանական միասնական թեկնածուն՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Պարույր Հայրիկյանը պատասխանեց. - «Ես ունեմ մի նախագիծ, որը թեկնածու է դարձնում բոլորին անկախ նրանից՝ ով որպես նախագահ հանդես կգա: Այսինքն՝ ես դառնում եմ միասնական թեկնածու, բայց առանց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի համաձայնության ոչ մի հրամանագիր, ոչ մի նշանակում կատարելու իրավունք չունեմ»։

Նա հավելեց, որ առաջադրվելու մի քանի տարբերակներ կան, բայց բոլորի մեջ էականն այն է, որ նախագահ դառնում է թիմը: Իսկ եթե թեկնածուները չարձագանքեն նամակին, Հայրիկյանը կշարունակի առաջնորդվել իր ծրագրով:

«Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Գեղարքունիքի մարզում եւ առայժմ որեւէ մեկնաբանության տալ չենք կարող: Ենթադրում եմ, որ հարցը կքննարկվի երեկոյան երբ նա վերադառնա», - փոխանցեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը ասաց, որ Պարույր Հայրիկյանի նամակի վերաբերյալ հայտարարություն կտարածեն ավելի ուշ:

Երեկոյան Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Հայրիկյանի բաց նամակին։ «Սիրելի Պարույր, այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը ուղղված ինձ։ Այն ինձ զարմացրեց։ Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում, եւ կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու», - ասված է, մասնավորապես, նամակում։

«Սահմանադրական դատարան դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել, եւ դա քեզ հայտնի է։ Դիմել թե չդիմել՝ դա քո իրավունքն է եւ խնդիրը։ Իմ կարծիքը դու գիտես։ Երկրորդ. ընտրությունները հետաձգելը ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ։ Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք։ Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին։ Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի եւ ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի։ Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք եւ պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո՝ Սահմանադրական դատարան դիմելու խնդրի հետ», - գրում է Բագրատյանը Հայրիկյանին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG