Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Առկա են Հայրիկյանի գործը ամբողջությամբ բացահայտելու օբյեկտիվ նախադրյալներ


Իրավապահները Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վայրում, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Իրավապահները Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վայրում, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ.

Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների եւ այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաեւ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ: Այդ մասին ասված է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ձեռնարկված գործողությունների արդյունքում ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել է «Նագան» տեսակի ատրճանակ, որի խմբին պատկանող զենքից, ըստ մասնագետների կարծիքի, արձակվել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակը:

Բացի այդ, ձերբակալվածներն իրենց ցուցմունքներում նշել են ինչպես դեպքի, այնպես էլ դրան նախորդող մի քանի օրերի իրադարձություններին վերաբերող մի շարք փաստական հանգամանքներ, որոնք լրիվ կամ մասնակի համընկնում են մինչեւ կասկածյալների ձերբակալումը ստացված այլ օբյեկտիվ տեղեկությունների, այդ թվում` տեսաձայնագրությունների, փորձագետների եզրակացությունների եւ ցուցմունքների հետ:

Միաժամանակ, քրեական վարույթն իրականացնող մարմինը շարունակում է ստուգել ինչպես ձերբակալվածների հայտնած մյուս տեղեկությունները, այնպես էլ նախաքննության սկզբում առաջ քաշված եւ դեռեւս չհերքված հանցանքի կատարման մնացած վարկածները:

«Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ եւս շարունակելու է Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի եւ միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG