Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն քարոզչական տեսահոլովակում «խախտվել է անձնական կյանքի իրավունքը»


Հունվարի վերջին Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարածվեց հերթական տեսահոլովակը «Լույսի հետեւից» վերնագրով, որը ներկայացնում էր կրթական «Լույս» հիմնադրամի գործունեությունը եւ թե որքան է կարեւորում դրա դերը հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Տեսահոլովակում օգտագործված էին «Լույս»-ի տարբեր տարիների ուսանողներ, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, քարոզչական տեսահոլովակում ներառելու թուլյտվություն հարցրել էին միայն այն ուսանողներից, ովքեր հարցազրույցներ էին տալիս, մյուսներին չէին էլ տեղեկացրել:

«Ես տեսահոլովակում մեկ կամ երկու վայրկյան եմ երեւում, բայց ճիշտն ասած մտահոգված էի ոչ այդ պատճառով, այլ նրա, որ «Լույս» հիմնադրամը որպես կրթական հիմնադրամ օգտագործվեց քաղաքական քարոզարշավի մեջ», - ասաց «Լույս» հիմնադրամի շրջանավարտներից, Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության թեկնածու Իրինա Ղափլանյանը:

Ոչ միայն տեղեկացված չլինելու, այլեւ կրթական հաստատությունը քարոզչության նպատակով օգտագործելու փաստից վրդովված ուսանողները իրենց տեսակետներն արտահայտեցին «Ֆեյսբուք. սոցցանցում, որից հետո տեսահոլովակը հանվեց, բայց մի քանի օր հետո կրկին ներբեռնվեց համացանց՝ մի փոքր մոնտաժված:

ՀՀԿ տարածած մեկ այլ՝ «Ազատ ու ինքնավստահ Հայաստան» տեսահոլովակում օգտագործված են Մաշտոցի պուրակի, Թռչկանի ջրվեժի համար պայքարի մասին կադրեր: Դրանից հետո ակտիվիստները հայտարարություն տարածեցին, որում նշում էին, որ այդպիսով իրենց ձեռք բերած հաջողությունները գործող նախագահը վերագրում է իրեն։

«Ես չեմ զարմացել այդ արարքից, քանի որ այլ բան սպասել իշխանություններից անիմաստ է: Ուղղակի մի կարեւոր փաստ, որ միշտ պետք է խոսել այդ մասին. այսօր քաղաքացիական ակտիվիստները ստիպեցին Հանրապետության նախագահին, որ երեք հատ քոսոտ տաղավարի համար իջնի քաղաքապետին ասի՝ Տարոն ջան, սիրուն չի, հանեք: Այդ երեւույթը ինքը հաղթանակ էր, հետո դա իրեն վերագրելը ինչ-որ մի հատ քարոզարշավի տեսահոլովակում ներառելով, ինձ թվում է ոչինչ չի փոխում, որովհետեւ ժողովրդի գիտակից խավը շատ լավ հասկանում է դա ինչ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանը:

Առանց իրենց իմացության նախընտրական տեսահոլովակում հայտնված քաղաքացիները նշում էին, որ դա էթիկապես ճիշտ չէ:

Փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դա ոչ թե էթիկայի, այլ օրենքի խախտում է. - «Եթե անձնական տվյալ է ստացվել, պահվել եւ օգտագործվել, տվյալ դեպքում օգտագործվել է, այն էլ քաղաքական նպատակներով, ապա միանշանակ է, որ անձնական կյանքի իրավունքի միջամտություն կա, եւ դա արվել է առանց անձի համաձայնության: Այսինքն ովքեր պատրաստել էին այդ գովազդը, պիտի բոլոր անձանցից ստանային համաձայնություն»:

Նրա խոսքով, լուսանկարը կամ տեսահոլովակը, որտեղ պատկերված է անձը, անձնական կյանքի տիրույթում է, ըստ այդմ` դրա կիրառումը առանց անձի համաձայնության, նրա անձնական կյանքին միջամտություն է:

Նշենք, ԿԸՀ-ը մերժել էր նախագահի թեկնածու Անդիրաս Ղուկասյանի դիմումը, որում նա պահանջում էր արգելել գործող նախագահի քարոզարշավի գովազդային հոլովակներում իր պատկերի գործածումը:

«Քաղաքացիական իրավունքի ոլորտում նրանք կարող են դիմել դատարան, որպեսզի վերականգնվի խախտված իրավունքը: Օրինակ, կարող են այդ հատվածները հանվել տեսահոլովակից, կամ ներողություն խնդրել, կամ դատարանը սահմանի կոնկրետ գործողություններ: Բոլոր դեպքերում դա շատ լուրջ միջամտություն է, եւ եթե ես լինեի այդ անձանց փոխարեն կպաշտպաների իմ իրավունքները: Դրա համար կոնկրետ մեխանիզմներ կան», - ասաց Արա Ղազարյանը:
XS
SM
MD
LG