Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանություններին չպետք է մեղադրել սիրիահայերին այդ երկրից չտարհանելու համար:

«Այս առումով, այնուամենայնիվ, այսօր դեռ մեր քաղաքականության հիմքում մնում է սիրիահայ գաղութը Սիրիայում ամուր պահելը` հույս ունենալով, որ իրավիճակը մի փոքր ավելի խաղաղ կդառնա այնտեղ: Ամբողջությամբ խաղաղ չի դառնա շատ երկար ժամանակ, բայց առնվազն կյանքին ֆիզիկական վտանգ եթե չլինի, դա արդեն հնարավորություն կտա, որ սիրիահայերը կարողանան նորից վերականգնել կորցրածը», - այսօր ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը վկայակոչում է անցած ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունների ջանքերը սիրիահայերին օգնելու ուղղությամբ: Նա նշում է, որ եթե Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը կտրուկ ավելանա, ապա իշխանությունների հնարավորությունները նրանց օգնելու հարցում կփոքրանան:

«Եթե Հայաստանի իշխանությունները այսօր գործ ունեն 8 կամ 10 հազար սիրիահայերի հետ, եւ դա արդեն բավականին պրոբլեմատիկ է մեր բյուջեի պայմաններում, եթե այդ թիվը կրկնապատկվի կամ եռապատկվի, արդեն բոլորովին ուրիշ պատկեր կլինի եւ շատ կդժվարացնի բոլորին հասնելու հնարավորությունը», - ասաց դաշնակցական գործիչը:

Հովհաննիսյանը սիրիահայերին աջակցելու նպատակով անցած տարի Հայաստանում ձեւավորված «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության անդամ է: Նրա տվյալներով, նախաձեռնությունն այս տարեսկզբից 100-ական դոլար է հատկացրել Սիրիայում բնակվող 320 ընտանիքների, որոնց կազմում ոչ միայն հայեր են, այլեւ սիրիացիներ: ՀՅԴ բյուրոյի անդամն ասում է, որ օգնությունը շարունակական կլինի, պարզապես այն տեղ հասցնելու մեծ դժվարություններ կան: Այդ նպատակով Հայաստանում բացված հաշվեհամարից գումարները ոչ թե բանկային համակարգով են փոխանցվում Սիրիա, այլ կանխիկ: Բանկային համակարգն այդ երկրում գրեթե չի գործում:

«Մեզ համար շատ դժվար է տեղ հասցնել գումարը, որովհետեւ դա պիտի հասցվի որպես կանխկիկ, որը ֆիզիկական վտանգների հետ է կապված, բայց, այնուամենայնիվ արվում է», - ասաց Հովհաննիսյանը:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ձեւավորման սկզբում ոչ թե գումար էր հատկացնում Սիրիայի բնակչությանը, այլ պարենամթերք ու դեղորայք էր ուղարկում Սիրիա: Անցած տարվա սեպտեմբերից նախաձեռնությունը 3 ինքնաթիռ սննդամթերք եւ դեղորայք է ուղարկել այդ երկիր: Սակայն այս ճանապարհով օգնությունը տեղ հասցնելը ոչ միայն թանկ է, այլեւ արդեն անհնար: Հալեպի օդանավակայանը դեկտեմբերի վերջից չի գործում, եւ գործնականում այդ ճանապարհով սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հասցնելը պատերազմական այդ երկիր անհնար է:

Հովհաննիսյանը, ինչպես նաեւ Հալեպում Հայոց առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը աղքատությունից զատ ավելի կարեւորում են անվտանգության խնդիրը: Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է երեկվա դեպքը, երբ Հալեպի նոր Գյուղ թաղամասում փողոցում դիպուկահարի կրակոցից զոհվել է 60-ամյա արհեստավոր Անդրանիկ Ավետիսյանը:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` բախումների հետեւանքով 2011-ի մարտից ի վեր Սիրիայում զոհվել է շուրջ 60 հազար հոգի, երկիրը լքել է մոտ մեկ միլիոն մարդ: Հայերի շրջանում զոհերի թիվը անցնում է չորս տասնյակից:
XS
SM
MD
LG