Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ն եւ առողջապահության նախարարը հորդորում են թեկնածուին դադարեցնել հացադուլը


Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի վայրում, 7-ը փետրվարի, 2013

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի վայրում, 7-ը փետրվարի, 2013

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) եւ առողջապահության նախարարը Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին հորդորում են դադարեցնել հացադուլը:

Այսօր առավոտյան ԿԸՀ-ն տարածել է հայտարարություն, որտեղ մտահոգություն հայտնելով արդեն 19-րդ օրը հացադուլի մեջ գտնվող թեկնածուի առողջական վիճակի վատթարացման տեղեկությունների կապակցությամբ` Ղուկասյանին կոչ է անում քայլեր ձեռնարկել առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:

«Շինծու ընտրություններին վերջ տալու» եւ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրապայքարից հանելու պահանջով հունվարի 21-ից Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի առողջականը վատացավ փետրվարի 6-ին: Նա անկողնային ռեժիմի մեջ է, լրագրողների հետ գրեթե չի շփվում, «Շտապ բուժօգնության» բրիգադը շարունակում է այդ տարածքում 24-ժամյա հերթապահությունը: Ուստի ԿԸՀ-ն այսօր նաեւ առողջապահության նախարարությանը հորդորեց նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ մասնագիտական քննարկման առարկա դարձնել եւ մասնագիտական կարծիք հայտնել:

Ընդառաջելով հորդորին` առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ցերեկը անձամբ այցելեց Անդրեաս Ղուկասյանին. բացատրելով առողջության քայքայման հնարավոր ռիսկերը` նախարարը թեկնածուին խնդրեց առաջիկա 1-2 օրերին մի քանի ժամով այցելել որեւէ բժշկական հաստատություն ստացիոնար պայմաններում հետազոտվելու համար, քանի որ հացադուլի վայրում անհրաժեշտ հետազոտությունն անհնար է:

Նախարարը նաեւ թեկնածուին տեղեկացրեց` եթե պարզվի, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ապա իրենք պարտավոր են նրան անմիջապես հոսպիտալացնել եւ համապատասխան բուժական միջոցներ ձեռնարկել:

Ղուկասյանը կարծես դեմ չէր համապատասխան հետազոտությունն անցնել, խոստացավ ավելի ուշ պատասխանել: Նախարարի հետ զրույցում նա միաժամանակ ընդգծեց, որ հացադուլը ոչ մի պարագայում չի դադարեցնի, որ «առողջության խնդիրը առհասարակ չի կարող հացադուլը դադարեցնելու պատճառ դառնալ»:

Թեկնածուի հետ հանդիպումից հետո Դերենիկ Դումանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեկնածուի ինքնազգացողությունը յուրաքանչյուր պահի կարող է վատանալ:

«Կարծում եմ, որ մենք բոլորս էլ պետք է աշխատենք այնպես անել, որ պարոն Ղուկասյանը ընդհատի հացադուլը: Բայց քանի որ պարոն Ղուկասյանը նաեւ քաղաքական գործիչ է եւ քաղաքական որոշում է կայացրել, ապա նա պետք է մտածի, դադարեցնել թե` ոչ: Ես, իհարկե, հորդորել եմ, որ դադարեցնի», - ասաց Դումանյանը:

Դիտարկմանը, թե կարծես Ղուկասյանն այնքան էլ հյուծված չէ հացադուլի 19-րդ օրվա համար, նախարարը հակադարձեց. - «Դա հարաբերական է, ես որպես մասնագետ զգացի, որ որոշ խնդիրներ արդեն կան, բայց մինչեւ մենք ստացիոնար պայմաններում չստուգենք, որեւէ բան չենք կարող ասել: Եվ պետք է նաեւ ասեմ, որ այս տեսանելի մասը ընդամենը թվացյալ է, եւ յուրաքանչյուր պահի կարող է ինքնագիտակցության վատացում նկատվել»:

Հարցին` եթե մեկ ամիս մնա հացադուլում, հետագա կյանքի եւ առողջության համար անդառնալի հետեւանքներ կմնա՞ն, նախարարը պատասխանեց. - «Իհարկե, բոլոր օրգան համակարգերը ռիսկի են ենթարկվում»:

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց կոչը հիմնավորեց զուտ թեկնածուի առողջական վիճակի վատացման հետ կապված մտահոգությամբ: Հարցին, թե Անդրիաս Ղուկասյանի վիճակի վատացումը արդյոք կարո՞ղ է անհաղթահարելի խոչընդոտ եւ նախագահի ընտրությունները հետաձգելու առիթ դառնալ, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ դա Սահմանադրական դատարանի որոշելիք հարցն է, եթե համապատասխան թեկնածուն դիմի Սահմանադրական դատարան` համարելով, որ խոչընդոտներն անհաղթահարելի են:

Հարցին, իսկ եթե թեկնածուն չդիմի, բայց նրա առողջությունը վատթարանա, Մուկուչյանը պատասխանեց. - «Սահմանադրական դատարանի մասին օրենքում ուղղակի է նախատեսված, որ Սահմանադրական դատարանը գործը քննում է համապատասխան դիմումի առկայության պարագայում»:

Մուկուչյանն ասաց` ԿԸՀ-ն նման պարագայում Սահմանադրական դիմելու համար պետք է ունենա որոշակի լիազորություն, որ «կարողանա ինչ-որ գործողություն իրականացնել»:

«Հանձնաժողովի համար նման լիազորություններ` կոնկրետ նշված հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու սահմանված չէ: Ինչը նշանակում է, որ ԿԸՀ-ն, իհարկե, չի կարող կատարել գործողություններ, որոնց համար ինքն օրենսդրությամբ լիազորություն չունի», - ասաց Մուկուչյանը:

Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբը համակարգող Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս պահի դրությամբ թեկնածուն Սահմանադրական դատարան դիմելու մտադրություն չունի: Իսկ թե առողջական վիճակի վատթարացման պարագայում կդիմի, թե` ոչ, ասաց` նման հարց չեն քննարկել:

Գրիգորյանը հավելեց, որ թեկնածուի` «շինծու ընտրությունները դադարեցնելու» եւ միջազգային դիտորդների հեռանալու պահանջին այսօր միացել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանք Գիտությունների ակադեմիայի հարակից տարածքում ստորագրահավաք էին անցկացնում, որպեսզի դիմեն օտարերկրյա դեսպանատներին` տարբեր երկրներից Հայաստան գործուղված դիտորդներին ետ կանչելու պահանջով:
XS
SM
MD
LG