Մատչելիության հղումներ

logo-print

«Ժողովրդավարական հայրենիք»-ի առաջնորդը «խիստ բացասաբար» է վերաբերվում ՀԱԿ-ը կուսակցության վերածելու ծրագրին։

Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) մաս կազմող կուսակցությունների մեծ մասը ոգեւորությամբ չի ընդունում Կոնգրեսը կուսակցության վերածելու մտադրության մասին հայտարարությունը, որ արել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում նախօրեին հրապարակված հարցազրույցում։

Բացառությունը, թերեւս, միայն Հայոց համազգային շարժումն (ՀՀՇ) է, որին ինքը Տեր-Պետրոսյանն է անդամակցում։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով Կոնգրեսի բարեփոխման իր ծրագիրն էր առաջարկել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Ես խիստ բացասական եմ վերաբերվում, նախ, որ քաղխորհրդում առանց քննարկելու հայտարարվում է, փաստի առաջ է կանգնվում, եւ երկրորդն էլ` մենք առաջիկայում համագումար ենք անելու, ու համագումարը հստակ իր մոտեցումները ցուցաբերելու է։ Բայց հստակ համոզված եմ, որ համագումարն էլ նույն մոտեցման կգա»։

Հարցին, թե այն դեպքում, երբ խնդիրներ ունի կուսակցությունում, իր տեսակետը ինչպե՞ս է առաջ տանելու, Մակեյանը արձագանքեց. - «Կուսակցության խնդիրները, փաստորեն, փոխկապակցված էր ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու այս ծրագրի հետ, որը մեր կուսակցությունը շատ արագ կողմնորոշվեց` քաղխորհուրդը, եւ այդ հարցը լուծել է։ Մարդիկ, որոնք փորձում են կազմաքանդել կուսակցությունը, կուսակցության քաղխորհուրդը հեռացրել է իրենց կուսակցությունից»։

Իսկ թե ինչո՞ւ չեն ընդունում ՀԱԿ-ը կուսակցության վերածելու որոշումը, ինչո՞վ է այն սխալ, եթե ժամանակին համահունչ քայլելու, նոր քաղաքական իրավիճակում կողմնորոշվելու մասին է խոսում Տեր-Պետրոսյանը, այս կապակցությամբ «Ժողովրդավարական հայրենիք»-ի նախագահը ասաց. - «Դասական առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածներին համամիտ եմ, բայց Հայաստանի վիճակը որ այսօր նայում ենք, իրավիճակը` այն, ինչ Հայաստանում կա, այդ մոտեցումը որեւէ բան չի տալու։ Առավել եւս` կուսակցության հիմնական կորիզը ՀՀՇ-ն է լինելու, որից մենք 97 թվականին որոշակի խնդիրներ ունենալով դուրս ենք եկել»։

«Հիմա, եթե Հայ ազգային կոնգրեսը լուրջ քաղաքական ուժերի միավորում էր, որը համաժողովրդական շարժման, այսպես ասած, ծնունդն էր, ու եկանք հասանք այս հանգրվանին` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, հիմա այդ կուսակցությունը ավելի փոքր գաղափարով որեւէ խնդիր չի լուծի Հայաստանում», - ընդգծեց Պետրոս Մակեյանը` շարունակելով. - «Այդ իսկ պատճառով, մեր կուսակցության մոտեցումը հետեւյալն է` հնարավո՞ր է արդյոք` այդ գործընթացը բերի իրավիճակի փոփոխության եւ սահմանադրական կարգի հաստատմանը, որը, ես համոզված եմ, որ դա այս փուլում այս մոտեցումով հնարավոր չէ»։

«Հնարավո՞ր է` առաջիկայում դուք դուրս գաք Հայ ազգային կոնգրեսից», - այս հարցին էլ «Ժողովրդավարական հայրենիք»-ի նախագահը արձագանքեց. - «Փաստենք, որ Հայ ազգային կոնգրեսի կազմաքանդման գործընթացը սկսվեց հայտնի քաղաքագիտական վերլուծությունով, եւ հիմա, կարծես, փորձում են ավարտուն տեսքի բերել։ Այն բարեփոխման ծրագրերը, որ փորձում էինք մենք իրականացնել, փաստորեն, այս ելույթով, այս հարցազրույցով կանխվեց, որովհետեւ հաջորդ քաղխորհրդի նիստին մենք փորձում ենք մտնել եւ քննարկել։ Բայց մենք փորձելու ենք` այն ուժերը Կոնգրեսի մեջ մտնող, քաղաքական միավորները, որոնք չեն համաձայնում այս տարբերակին, փորձելու ենք Կոնգրես ասածը պահել Կոնգրեսից»։
XS
SM
MD
LG