Մատչելիության հղումներ

Փետրվարի 8-ի մամուլ


Մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի հայտարարությունը, թե Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը դեռեւս բացառված չէ` «ժողովուրդ» թերթը գրում է. - «Արդեն իսկ շատերը տեսակետ են հնչեցնում, որ դա պայմանավորված է իշխանությունների կողմից Հայրիկյանին տրված ինչ-ինչ խոստումների խախտմամբ: Սակայն չի կարելի բացառել նաեւ այն տարբերակը, որ Հայրիկյանը այդպիսով ցանկանում է քաղել հնարավորի առավելագույնը` քաղաքական զարգացումների ընթացքը տնօրինելու հնարավորությունը եւս մի քանի օր իր ձեռքում պահելով եւ հանրային ուշադրությունը սեւեռելով իր վրա: Ընդ որում, պետք է նշել, որ դրանում որեւէ պարսավելի բան չկա: Ի վերջո, ընտրապայքար է եւ դրա ընթացքում սեփական վարկանիշը բարձրացնելու յուրաքանչյուր քաղտեխնոլոգիա էլ կարելի է ընդունելի համարել: Եթե իհարկե այն չի հատում օրինականության եզրը: Սակայն Հայրիկյանի մտափոխությունը կարող է պայմանավորված լինել նաեւ մեկ այլ հանգամանքով, որն իր մեջ ներառում է վերը նշված երկու տարբերակներն էլ, բայց ծառայում է բոլորովին այլ նպատակի: Բանն այն է, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցը բաց պահելով մինչեւ փետրվարի 10-ը` Հայրիկյանն այդպիսով ոչ միայն սեփական վարկանիշի հարցն է լուծում, ոչ միայն իշխանություններին ստիպում է իրեն տրված հնարավոր խոստումներն իրագործել, այլեւ իշխանություններին ապահովագրում է մյուս թեկնածուներից որեւէ մեկի կողմից անցանկալի քայլեր կատարելու հեռանկարից»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին. - «Եթե մի կողմ թողնենք էմոցիաները եւ անդրադառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առարկայական կողմին, ապա այն, ըստ էության, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մանիֆեստ էր: Եվ այս պարագայում դժվար է զսպել առաջին ռեակցիան եւ չասել՝ վաղուց ժամանակն էր: Ի վերջո, կուսակցություններից եւ անհատներից կազմված անհասկանալի այդ կոնգլոմերատը, որը ոչ հայտարարված սկզբունքներ ուներ, ոչ պլատֆորմ, ոչ հստակ կառուցվածք եւ կառավարման համակարգ, ժամանակավոր երեւույթ էր՝ պահի թելադրանքով ստեղծված: Իշխանափոխության նպատակով ստեղծված: Եվ անկախ նրանից՝ կատարել է իր առջեւ դրված խնդիրը, թե ոչ՝ պետք է հեռանա պատմության թատերաբեմից: Մարդկության պատմությունը քաղաքական պայքարի հստակ կառույցներ է ստեղծել, եւ հեծանիվ հորինելու իմաստը պարզապես չկա: Ուզենք, թե չուզենք՝ քաղաքական պայքարի գործիքը կուսակցություններն են, եւ «ոչ կուսակցություն-ոչ հասարակական կազմակերպություն» վիճակը երկար շարունակվել չէր կարող»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ը` գրելով. - «Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է: Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի առավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն՝ ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կառուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից: Այսինքն՝ այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձեւականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում: Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները՝ լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի եւ Դեմիրճյանի դիմադրությանը: Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետեւ Կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն»:

«Հայոց Աշխարհ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Տարեսկզբին Հայաստանում գնաճային միտումները սկսել են ակտիվանալ։ Դա նկատելի է հատկապես պարենային ապրանքների դեպքում, թեեւ ծառայությունների առանձին տեսակներ նույնպես հայտնվել են բարձր գնաճային տիրույթում։ Բազմաթիվ շուկաներում նախորդ տարվա վերջի համեմատ բարձրացել են գները»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG