Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Հարությունյանը սկսեց իր մեկօրյա հացադուլը


Իր մեկօրյա հացադուլը սկսելուց առաջ Արամ Հարությունյանը այսօր նախ այցելեց արդեն 18-րդ օրը հացադուլի մեջ գտնվող նախագահի մեկ այլ թեկնածուի` Անդրիաս Ղուկասյանին:

Հարությունյանը եւս մեկ անգամ հորդորեց նրան հետեւել իր օրինակին եւ վաղը ինքնաբացարկ հայտնել: Նախագահի թեկնածուի նպատակն է քվեաթերթիկի վրա միայնակ թողնել Սերժ Սարգսյանին: «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով հացադուլ անող Ղուկասյանը, Արամ Հարությունյանի փոխանցմամբ, խոստացել է մտածել այս ուղղությամբ:

«Համոզում էի, հորդորում էի, որ ինքը դուրս գա հացադուլից եւ ինքնաբացարկ հայտնի, որովհետեւ դրանով ավելի մեծ իմաստ կստանա իր հացադուլը. եթե ինքը մնում է քվեաթերթիկում, ուրեմն մասնակցելու է այդ շինծու ընտրություններին: Հետո ինչ բացատրություն էլ տա, տրամաբանական չի լինելու», - ասաց Հարությունյանը:

Գիտությունների ակադեմիայի մոտից «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը ուղեւորվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի առջեւ տեղադրված նստարանին էլ սկսեց իր մեկօրյա հացադուլը: Արամ Հարությունյանը արդեն պատրաստել է ինքնաբացարկի դիմումը, որը վաղը երեկոյան կհանձնի հանձնաժողովին:

Դիմումը նա ընթերցեց լրագրողների համար. - «Ես հայտարարում եմ, որ 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններն ի սկզբանե անօրինական են եւ սույնով տեղեկացնում եմ իմ թեկնածությունը հանելու մասին»:

Մինչ այդ նախագահի թեկնածուն, գիշերը բաց երկնքի տակ անցկացնելով, կսպասի մյուս թեկնածուներին: Մեր դիտարկմանը, թե նրանց մեծ մասն արդեն իսկ բացառել է ընտրապայքարից դուրս գալը, Հարությունյանն արձագանքեց. - «Ավելի վատ իրենց քաղաքական ապագայի համար»:

Ինքնաբացարկ հայտնելու համար սահմանված վերջնաժամկետը վաղն է` փետրվարի 8-ը: Դրանից հետո եթե անգամ թեկնածուներից որեւէ մեկը ցանկություն հայտնի դուրս գալ ընտրապայքարից, միեւնույն է փետրվարի 18-ին նրա անունը կլինի քվեաթերթիկում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG