Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված ծավալուն հարցազրույցում հնչած որոշ գնահատականների։

Արձանագրելով, որ նախագահական ընտրություններին մնացել են հաշվված օրեր եւ հետզհետե ավելանում է այն բնական լարվածությունը, որը բնորոշ է բոլոր ընտրություններին, Սերժ Սարգսյանը նշեց․ - «Ինչ վերաբերում է այն թեզին, որ այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա ես ուղղակի կարող եմ ասել հետեւյալը՝ եւ դա շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատ մարդկանց համար։ Ընտրությունները ոչ թամաշա են, ոչ ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինեն։ Ովքեր ուզում են հետաքրքիր լինեն՝ թող գան մասնակցեն։ Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք։ Վախեցո՞ղ են այդ թեկնածուները։ Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում Հանրապետության նախագահ դառնալ»։

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանությանը» տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նախագահական ընտրությունների կանխորոշվածության մասին, ասելով, որ դա Հայաստանի ամենամեծ դժբախտությունն է եւ դրա մղձավանջային հետեւանքը իրեն ակնհայտ է։

«Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի եւ պետականության կորստյան վտանգի առջեւ», - ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Հակադարձելով Հայաստանի առաջին նախագահի այս գնահատականներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե վստահ է, որ ժողովուրդը լուրջ չի ընդունում երկրի կործանման մասին այս հայտարարությունները։ Ավելին, Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 90-ականների սկզբներին էլ էին գուժում, թե կործանում է լինելու, գուժում էին անխուսափելի պարտություն Ադրբեջանի դեմ պատերազմում՝ «դրանից հետո, անկարող լինելով երկիրը կառավարել, գուժում էին, որ եթե չհանձնենք եւ չհանձնվենք, ապա երկիրը կործանվելու է»։

«Հիմա էլ հաճույք են ստանում արտագաղթով մեզ վախեցնելով։ Այո՛, կա այդպիսի երեւույթ, բայց արդյոք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն։ Արդյոք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է։ Իհարկե՝ ոչ։ Այս երկիրը երբեք չի կործանվելու։ Ուղղակի այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել։ Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել։ Եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլեւս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ՝ ցտեսություն»։

Գնահատելով շարունակվող նախընտրական գործընթացները, գործող նախագահը կարծիք հայտնեց, որ նախընտրական արշավը անցնում է բավականին լուրջ գաղափարական մրցակցության պայմաններում։

«Հրաշալի է, որ այն չի վերածվում կենաց ու մահու կռվի», - ընդգծեց Սերժ Սարգսյանը, - «Մենք ականատեսն ենք եղել մեկ-երկու անգամ այդպիսի նախընտրական իրավիճակի, եւ ես չէի ցանկանա, որ մեր երկրում կրկնվեր այդ լարվածությունը։ Իհարկե, հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց փառք Աստծո, որ այդպես չեղավ եւ ընտրությունները վերադարձան բնական հուն»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG