Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Գաբալայի հարցով այլեւս չի բանակցի


Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ադրբեջանի հյուսիսում, արխիվ

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը Ադրբեջանի հյուսիսում, արխիվ

Կողմերը քննարկում են ռուսական գույքի դուրսբերման հարցը։

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ հայտնել է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության համաձայնագրի ժամկետի երկարաձգման շուրջ նոր բանակցություններ չեն լինի։

«Հիմա Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները քննարկում են Գաբալայից ռուսական գույքի դուրսբերման հարցերը», - ասել է Լուկաշեւիչը։

Ռուսաստանն անցյալ տարվա դեկտեմբերին է հայտնել Գաբալայի կայանի վարձակալության երկարաձգման թեմայով բանակցություններն ավարտելու որոշման մասին։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի փոխանցմամբ, աշխատանքային համատեղ խումբը գույքի դուրսբերման հարցը քննարկել է նախ Բաքվում` փետրվարի 5-ին, ապա հաջորդ օրը` հենց Գաբալայում։

Դեսպանը նշել է, որ ռուսաստանցի մասնագետները կփորձեն հնարավորինս արագ դուրս հանել գույքը, որը հանդիսանում է Դաշնության սեփականությունը։

«Ինչքան դա կտեւի` հիմա դժվարանում եմ ասել, դա կախված է փորձագետների աշխատանքից, սակայն ենթադրում եմ, որ դրա համար մի քանի ամիս կպահանջվի», - ասել է Դորոխինը։

«Դրանից հետո կողմերը կստորագրեն համապատասխան արձանագրություն, որով կայանն ամբողջությամբ կհայտնվի Ադրբեջանի հսկողության ներքո», - հավելել է դեսպանը։

Ռուսաստանը եւ Ադրբեջանը 2002 թվականին են կնքել կայանի տասնամյա վարձակալության պայմանագիրը։ Ժամկետը սպառվել է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնական Բաքուն դեռ ամիսներ առաջ ռուսական կողմին տեղեկացրել է, թե պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, սակայն քննարկումները ձախողվել են, քանի որ Ադրբեջանը պահանջել է վարձակալության 7 միլիոն դոլարը հասցնել 150 միլիոնի։

Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության կարեւոր հանգույցներից մեկն էր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Գաբալայից հրաժարվելը չի սպառնում երկրի անվտանգությանը, քանի որ Կրասնոդարի մարզում` Արմավիր քաղաքի մոտ տեղակայված մեկ այլ կայան արդեն իր վրա է վերցրել նախկինում Գաբալային վերապահված գոտու հսկողությունը։

Պաշտոնական Երեւանը ժամանակին նկատել է տվել, թե պատրաստ է տարածք հատկացնել ռուսական ռադիոլոկացիոն կայանի համար, սակայն այդ թեման զարգացում չի ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG