Մատչելիության հղումներ

Ատամնաբույժները քննադատում են վարչապետին


Ատամնաբույժները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00
Ամերիկյան համալսարանի շենքի առջեւ բողոքի լուռ ակցիայի մասնակից ատամնաբույժները վրդովված էին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններից:

Վարչապետը, չորեքշաբթի Ազգային ժողովում անդրադառնալով ատամնաբուժական ծառայությունների ոլորտում վերջին օրենսդրական փոփոխություններին, ասել էր, թե նրանց համար նախատեսված հարկային բեռը մեծ չէ: Օրենսդիրը ատամնաբույժների վճարելիք հարկերը բարձրացրել է մոտ 7 անգամ:

«Եթե դուք 80 հազար դրամը բաժանեք աշխատանքային օրերի վրա եւ ամեն մի հաճախորդին մատուցած ծառայության վրա, ապա կտեսնեք, որ մի քանի լումայի մասին է խոսքը», - ասել էր Սարգսյանը:

Ատամնաբույժները համաձայն չեն վարչապետի հետ:

«Շատ սխալ է, դա ուղղակի մեկին գումարած մեկ է, կարելի էր մի հատ շարքային ատամնաբույժի բերել, ոչ թե ատամնաբույժի, որը բուժում է վարչապետի ատամը»:

«Չգիտեմ, որտեղից նրան այդ տեղեկատվությունը, բայց դա հիմարություն է: 80 հազարը փոքր գումար չէ ստոմատոլոգների համար»

«Կոնկրետ ինձ համար դա լումա չէ, կարող է ամիս լինել, որ էդ 80 հազարը բժշկի ապրելու գումարը լինի: Վարձերը թանկ, կյանքը թանկ, չենք կարողանում…»:

Ատամնաբույժները թվարկում էին իրենց ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ ծախսերը՝ հակադարձելով մի քանի լումայի մասին խոսող վարչապետին:

«Երեւան քաղաքում պլոմբայի միջին գինը 7-10 դրամ է: Ենթադրենք` մի բժիշկ օրական երեք պլոմբա է անում, բայց եթե հաշվի առնենք ձեռնոցների, հոսանքի, պետտուրքերի վճարները, չհաշված սարքավորումները, տարածքի վարձակալությունը եւ մնացածը, աբսուրդ թիվ է ստացվում: Անհնար է, որովհետեւ հինգ տարվա ընթացքում բժիշկը միայն սարքավորումների եւ մեկ բազկաթոռի հաշվով ծախսելու է մոտ 5000 դոլար», - ասում է բողոքի ակցիային մասնակցող ատամնաբույժներից մեկը:

Վարչապետ Սարգսյանը նշել էր նաեւ, թե ատամնաբույժներին հարկային դաշտ բերելու հարցը կառավարությանը հուշել են տաքսիստները, ովքեր բողոքել են, թե ինչո՞ւ պիտի իրենք հարկ մուծեն, ատամնաբույժները` ոչ: «Մանեդ» ստոմատոլոգիական ընկերության տնօրեն Մանուկ Գեւորգյանն ու նրա գործընկերները տարակուսած են նաեւ այս հայտարարությունից:

«Դա անհնար բան է, որովհետեւ տաքսիստին ձեռնտու չէ, որ հետագայում գնա 20 հազար դրամ պլոմբային փող տա», - ասաց Գեւորգյանը:

«Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններով մեկ բազկաթոռի համար այժմ նրանք պարտադրված են ամսական վճարել 80 հազար դրամ` ներառյալ ատամնատեխնիկական սեղաններն ու ռենտգեն-բազկաթոռները, որոնք նախկինում չէին հարկվում: Ատամնաբույժները նախկինում մեկ բազկաթոռի համար ամսական վճարում էին 10-15 հազար դրամ:

Ատամնաբույժներն այսօր կրկին պնդեցին, որ իրենք ամենեւին չեն խուսափում հարկերից, մինչ այս էլ բարեխղճորեն վճարում էին հարկերը, թեեւ վարչապետը երեկ խոսել էր նաեւ այս ոլորտում գոյություն ունեցող ստվերի մասին: Ատամնաբույժները ենթադրում են, որ իշխանություններն այս կերպ նպատակ ունեն մենաշնորհել ոլորտը: Ատամնաբույժ Արմեն Վերդիյանը նկատում է, որ իշխանությունները կարող են նման հարկային գանձումներ կատարել նաեւ հիվանդանոցներում, բայց կենտրոնացել են այս ոլորտում, քանի որ այն մրցակցային սկզբունքով գործող եզակի ոլորտներից է:

«Ենթադրություններ ունենք, թե որ օլիգարխի մասին է խոսքը, բայց ժամանակը ցույց կտա», - ասաց Վերդիյանը:

Երկու օր առաջ Ազգային ժողովում մի խումբ ատամնաբույժներ հանդիպել էին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Նա ներկայացրել էր օրենքի մի նոր նախագիծ, ըստ որի 80.000 դրամը նվազեցվում է մինչեւ 60.000 դրամի, նվազեցվում են նաեւ այլ քաղաքներում գործող ատամնաբուժարանների համար սահմանված վճարները (մինչեւ 45.000 դրամ) եւ այլն: Ատամնաբույժներն այսօր հայտարարեցին, թե համաձայն չեն նաեւ այս տարբերակին՝ առաջարկվող հարկաչափերը եւս բարձր են, իրենք պահանջում են իրենց գանձել նախկինի պես:

Բողոքի ակցիաները կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG